Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ակնարկել է, որ չի բացառում Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի դեմ հարվածի հնարավորությունը, հաղորդում է The Times of Israel-ը։

Հարցին՝ արդյոք Խամենեին քայլող մեռյալ է, նա պատասխանել է. «Ես հրահանգներ տվեցի, որ ոչ ոք անձեռնմխելի չէ: Ես նախընտրում եմ չզբաղվել վերնագրերում [հայտնվելով], այլ գործողություններ ձեռնարկել»:

«Պատերազմի ժամանակ,- ասել է Նեթանյահուն,- խոսքերը պետք է զգույշ ընտրվեն, իսկ գործողությունները՝ ճշգրիտ»։

Նա հավելել է, որ դա ակնկալում է նաև «իր նախարարներից»։ Դա Խամենեիին հրապարակավ սպառնած Իսրայելի պաշտպանության նախարար Կացին ուղղված քողարկված քննադատություն է։

«Բոլոր տարբերակները բաց են, - հավելել է Նեթանյահուն։ -Ավելի լավ է դրա մասին մամուլում չխոսել», -ընդգծել է նա։

Նեթանյահուն հայտարարել է, որ ԱՄՆ-ի մասնակցությունը պատերազմին «նախագահ Թրամփի որոշումն է»։

«Նա կանի այն, ինչը լավ է Ամերիկայի համար, իսկ ես՝ այն, ինչը լավ է Իսրայելի համար», -շեշտել է Նեթանյահուն՝ հավելելով, որ ԱՄՆ նախագահը «խաղի կանոնները գիտի»։

Նա ընդգծել է, որ Իսրայելն անհրաժեշտության դեպքում ունակ է ինքնուրույն իրականացնել ամբողջ առաքելությունը. «Այդ գործողության ավարտից հետո Իսրայելի համար միջուկային սպառնալիք չի լինի, և չի լինի նաև բալիստիկ սպառնալիք»։

«Մեզանից յուրաքանչյուրն այս պատերազմում անձնական գին է վճարում, և դա չի շրջանցել նաև իմ ընտանիքին. որդիս չեղյալ է հայտարարել իր հարսանիքը»,- նշել է Նեթանյահուն: