Անապայի ափին մազութի նոր հետքեր են հայտանբերվել։ Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբի տվյալներով՝ աղտոտումը հայտնաբերվել է քաղաքային ծառայությունների կողմից առավոտյան մոնիթորինգի ժամանակ։ Շտաբի տվյալներով՝ խոսքը նավթամթերքի փոքր մասի մասին է եղել, որը արագորեն հեռացվել է։
Մայիսին Կրասնոդարի ափին նույնպես գրանցվել են մազութի արտանետումներ։ Մասնավորապես, աղտոտում է հայտնաբերվել մայիսի 13-ին և 18-ին, իսկ վերջին անգամ՝ մայիսի 27-ին, Անապայի Beach Village հյուրանոցի մոտ հայտնվել է փոքր յուղոտ բիծ։
Ավելի վաղ, Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան զգուշացրել էր, որ Թեմրյուկի շրջանի և Անապայի լողափերն ընթացիկ սեզոնում չեն համապատասխանում ամառային հանգստավայրերում արձակուրդների կազմակերպման սանիտարական չափանիշներին։ Միաժամանակ, նրա խոսքով, Ղրիմի և Սևաստոպոլի լողափերը լիովին մաքրվել են մազութից և ճանաչվել են 2025 թվականի ամառային սեզոնին զբոսաշրջիկների համար պիտանի։
Ափի զանգվածային աղտոտման պատճառը երկու տանկերների՝ «Վոլգոնեֆտ-212»-ի և «Վոլգոնեֆտ-239»-ի խորտակումն էր, որոնք խորտակվել էին 2024 թվականի դեկտեմբերի 15-ին Կերչի նեղուցում։ Նավերի վրա կար մոտ 9200 տոննա մազութ, որից, ըստ Ռուսաստանի բնական պաշարների նախարարության, առնվազն 4000 տոննան հայտնվել է Սև ծովի ջրերում։ Արդյունքում տուժել են Կրասնոդարի երկրամասի և Ղրիմի ափամերձ տարածքները։




























