2012-ի խորհրդարանական ընտրություններից հետո երկրի սոցիալ-տնտեսական իրադրությունը փոխվելու է: Այդ մասին, այսօր` հունվարի 13-ին, կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության` խորհրդարանի պատգամավոր Գագիկ Մելիքյանը: Մելիքյանի կարծիքով, ընդդիմությունը մշտապես քննադատության է ենթարկում իշխանություններին, բայց ուշադրություն չի դարձնում կատարված աշխատանքի վրա:
«Ամեն ինչ կախված է նախատեսվող ծրագրերի իրագործումից: Օրինակ, մեր նախընտրական ծրագիրը նախատեսում է նոր աշխատատեղերի ստեղծում»,-ասել է նա: Ինչ վերաբերում է բուն ծրագրերին, ապա Մելիքյանը նշել է, որ ՀՀԿ-ն աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ: Նրա խոսքով, 2012-ի խորհրդարանական ընտրություններին պատրաստվելու շրջանակներում, ՀՀԿ-ի ներսում ակտիվ կուսակցական աշխատանքներ են տարվում: «Գործընթացը սկսվել է, աշխատանքը եռում է: Դա վերաբերում է կուսակցության համախոհների մոբիլիզացիային, շտաբերի ձեւավորմանը, նախընտրական ծրագրերին եւ այլն»,-նշել է նա:
Պատգամավորը նաեւ հայտնել է, որ ՀՀԿ-ի նախընտրական ցուցակներում կընդգրկվեն նաեւ երիտասարդության ներկայացուցիչներ, քանի որ «իշխող կուսակցությունը մեծ նշանակություն է տալիս երիտասարդ կադրերի առաջընթացին, ովքեր մեծ ներուժ ունեն»:




























