Մերձավոր Արևելքը և ամբողջ աշխարհը կարող են ընկղմվել անդառնալի հետևանքներով պատերազմի մեջ՝ կապված Մերձավոր Արևելքում խոշոր ռազմական գործողությունների սրացման հետ։ Այս մասին ասվում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Միրյանա Սպոլյարիչի հայտարարության մեջ։

«Մերձավոր Արևելքում խոշոր ռազմական գործողությունների ուժեղացումն ու տարածումը սպառնում է տարածաշրջանը՝ և ամբողջ աշխարհը, ընկղմել անդառնալի հետևանքներով պատերազմի մեջ», - նշվում է Իրանին ԱՄՆ-ի հասցրած հարվածներից հետո հրապարակված հաղորդագրությունում։
Ըստ ԿԽՄԿ ղեկավարի, աշխարհը չի կարող «դիմակայել անվերջ պատերազմին», և երկրների կողմից միջազգային մարդասիրական իրավունքի պահպանումը «պարտականություն է, այլ ոչ թե ընտրություն»։ Նա հավելել է, որ ԿԽՄԿ-ն մոբիլիզացնում է իր թիմերը Իրանում և Իսրայելում՝ տարածաշրջանի աճող մարդասիրական կարիքները բավարարելու համար։ Միևնույն ժամանակ, Սպոլյարիչը ընդգծել է, որ «ոչ մի մարդասիրական միջոցառում չի կարող փոխարինել խաղաղությունը, կայունությունը և մարդկային կյանքը գերակայության մեջ դնելու քաղաքական կամքին»։