Իսպանիայի կառավարությունը համաձայնության է եկել ՆԱՏՕ-ի հետ, որը ազատում է թագավորությանը ռազմական ծախսերը ՀՆԱ-ի 5%-ին հասցնելու պարտավորությունից։ Այս մասին հայտարարել է վարչապետ Պեդրո Սանչեսը։

«Իսպանիայի կառավարությունը հենց նոր համաձայնության է եկել ՆԱՏՕ-ի հետ, համաձայնագիր, որը մենք շատ դրական ենք համարում և որը թույլ կտա մեզ կատարել Հյուսիսատլանտյան դաշինքի առջև մեր պարտավորությունները և պահպանել շատ կարևոր մի բան՝ նրա միասնությունը՝ առանց մեր պաշտպանական ծախսերը մինչև 5% ավելացնելու անհրաժեշտության», - վստահեցրել է վարչապետը։

Սանչեսը կարծում է, որ Իսպանիայի դեպքում «պաշտպանության վրա ծախսվող ՀՆԱ-ի 5%-ը կլինի անհամաչափ և ավելորդ»։ «Իսպանիային անհրաժեշտ կլինի մոտ 2%, այսինքն՝ ՀՆԱ-ի 2.1%-ը», - մանրամասնել է Սանչեսը։ Ըստ նրա, Մադրիդի համար ռազմական ծախսերը ՀՆԱ-ի 2%-ից մինչև 5% բարձրացնելու «ջանքերի արժեքը» կպահանջի լրացուցիչ 350 միլիարդ եվրո ծախսեր։

Չնայած Միացյալ Նահանգների ճնշմանը, Իսպանիան ի սկզբանե կասկածանքով էր վերաբերվում ռազմական ծախսերի այդքան կտրուկ աճին։ Ապրիլին Սանչեսը հայտարարեց, որ կառավարությունը հաստատել է պաշտպանության և անվտանգության ծախսերը մինչև ՀՆԱ-ի 2%-ը 2025 թվականին ավելացնելու ծրագիր։ Մադրիդը նախկինում խոստացել էր այս նպատակին հասնել մինչև 2029 թվականը։ Դրա համար թագավորությունը նախատեսում է հատկացնել ավելի քան 10.4 միլիարդ եվրո։