Միացյալ Նահանգները կարծում է, որ Իրանը կարող է մոտ ապագայում հարվածել Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան զորքերին, սակայն Վաշինգտոնը շարունակում է ձգտել իրավիճակի խաղաղ կարգավորման, որը հնարավորություն կտա խուսափել հետագա սրացումից, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով երկու ամերիկացի պաշտոնյաների։

Աղբյուրներից մեկը հայտնել է, որ հնարավոր հարձակումը կարող է տեղի ունենալ առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում։

Հիշեցնենք՝ հունիսի 22-ի գիշերը ԱՄՆ ռազմաօդային ուժերը և նավատորմը հարվածներ հասցրին Իրանի միջուկային ծրագրի երեք կարևոր օբյեկտների՝ Նաթանզի, Ֆորդոյի և Սպահանի վրա։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ գործողության նպատակն էր կանխել Իրանից եկող միջուկային սպառնալիքը, Թեհրանին կրկին անվանելով «աշխարհում ահաբեկչության առաջատար հովանավոր»։

Միաժամանակ Թրամփը զգուշացրել է, որ եթե Թեհրանը հրաժարվի բանակցել, ԱՄՆ-ն պատրաստ է սկսել նոր, ավելի լայնածավալ հարվածներ։