Հայտնի ռուսաստանցի փորձագետ և իրանագետ Կարինե Գևորգյանը բացառել է այս փուլում իշխանափոխությունն Իրանում։ Փորձագետն իր տեսակետը հայտնել է լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով NEWS.am-ի հարցին։

Ըստ փորձագետի՝ իրանցի վտարանդիները, ինչպես իր ժամանակին ռուս վտարանդիները, համախմբվում են և չեն ցանկանում գործել սեփական ժողովրդի դեմ։

«Այս պայմաններում նույնիսկ ընդդիմադիր տրամադրվածություն ունեցող մարդիկ լավ գիտակցում են դա, անկախ նրանից, թե ինչպես են վերաբերվում թեոկրատիային (աստվածպետությանը)։ Եվ այն փաստը, որ իրանցի  վտարանդիները չկարողացան աքսորյալ կառավարություն ստեղծել, նշանակում է՝ չկարողացան պառակտել իրանական հանրությանն ըստ վերանշյալ սկզբունքի։ Նրանք ասում են. մեր ներքին վեճերը, մեր ներքին պայքարը և պահանջները մի բան են, բայց մենք չենք կարող գործել մեր սեփական ժողովրդի դեմ, դա անբնական է», -նշել է փորձագետը։

Գևորգյանը միաժամանակ մեկնաբանել է Իրանի արտգործնախարարի Մոսկվա կատարած այցը. «Եթե խոսքը որևէ փոխազդեցության մասին լիներ, նույնիսկ եթե ոչ հրապարակային, ապա դրա համար այցի կարիք չէր լինի։ Ես այցը համարում եմ և՛ որպես այլ երկրներին ուղղված ուղերձ, և՛ որպես անհրաժեշտություն՝ խիստ գաղտնի տեղեկության անմիջական փոխանցման համար, որը չէր կարող փոխանցվել նույնիսկ գաղտնի ուղիներով։ Յուրաքանչյուր լրացուցիչ ուղևորություն վտանգ է։ Դա նշանակում է, որ այցն անհրաժեշտ էր՝ տեղեկությունն անձամբ Վլադիմիր Վլադիմիրովիչի ականջին հասցնելու համար»։