Նիդեռլանդների իշխանությունները հետաքննում են երեքշաբթի տեղի ունեցած երկաթուղային ցանցի հնարավոր դիվերսիան՝ երկրի գլխավոր օդանավակայանում էլեկտրաէներգիայի անջատումից հետո, որը սահմանափակել է երկաթուղային ծառայությունները Նիդեռլանդներում կայանալիք երկօրյա ՆԱՏՕ գագաթաժողովի բացումից առաջ, տեղեկացրել է Associated Press-ը։

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Դեյվիդ վան Վիլը ՆԱՏՕ Հանրային ֆորումին ասել է, որ քննիչներն ուսումնասիրում են այն հնարավորությունը, որ մոտ 30 երկաթուղային մալուխների հրդեհները կարող էին դիտավորյալ լինել։ «Դա կարող էր լինել ակտիվիստների խումբ։ Դա կարող էր լինել մեկ այլ պետություն։ Դա կարող էր լինել ցանկացած բան»,- կլոր սեղանի ժամանակ ասել է վան Վիլը։

Վնասվելու պատճառով խաթարվել է երկաթուղային երթեւեկությունը, եւ Սհիպհոլ օդանավակայանի եւ մայրաքաղաք Ամստերդամի միջեւ գնացքները չեն երթեւեկում: Ծառայության օպերատոր ProRail-ի տվյալներով՝ երեքշաբթի վաղ առավոտյան օդանավակայանի մոտակայքում մալուխներում էլեկտրաէներգիայի անջատում է տեղի ունեցել: Հետաքննությունը պարզել է, որ հրդեհը «նշանակալի վնաս» է պատճառել, նշվել է հայտարարությունում:

Գնացքները շարժվում էին դեպի հարավ՝ Հաագա, որտեղ համաշխարհային առաջնորդները հավաքվում են ՆԱՏՕ երկօրյա գագաթաժողովի համար։

Գագաթաժողովին ժամանող առաջնորդները գնացքներից չեն օգտվի, այլ ավտոշարասյուներով կշարժվեն օդանավակայանից դեպի իրենց հյուրանոցներ եւ գագաթաժողովի վայր՝ փակ ճանապարհներով։