Ես գուցե լավագույնը չեմ, բայց անկասկած ամենափորձառուն եմ Ուկրաինան այս պատերազմում առաջնորդելու համար։ Sky News-ին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նա ընդգծել է, որ Ուկրաինան օբյեկտ չէ, այլ սուբյեկտ, և Ռուսաստանի Դաշնության ուլտիմատումները չի ընդունի։

Զելենսկին զգուշացրել է, որ առանց ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերի անհապաղ ավելացման, Ռուսաստանը կստանա իրեն անհրաժեշտ դադարը»։ Ըստ նրա՝ առաջիկա 5 տարիների ընթացքում Ռուսաստանը կարող է հարձակվել Դաշինքի անդամներից մեկի վրա, հաղորդում է УНИАН-ը։

Զելենսկին միաժամանակ  մտահոգություն է հայտնել, որ Մերձավոր Արևելքը կարող է թուլացնել Ուկրաինային ցուցաբերվող միջազգային աջակցությունը։ Նա նշել է, որ  Ռուսաստանը պատրաստվում է նոր ռազմական գործողությունների արդեն ՆԱՏՕ-ի անդամ երկրի տարածքում։

«Դա վերաբերում է ոչ միայն Ուկրաինային։ Այն, ինչ հիմա տեղի է ունենում, ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեմ ապագա ռազմական գործողությունների նախապատրաստման մի մասն է», -ընդգծել է Զելենսկին։