Ճապոնիայի դատարանը ամերիկացի ծովային հետեւակայինին դատապարտել է յոթ տարվա ազատազրկման, չորեքշաբթի հայտնել է ամերիկացի զինծառայողների նկատմամբ սեռական ոտնձգության վերջին գործով զբաղվող դատական պաշտոնյան։
22-ամյա Ջեյմս Քլեյթոնը, որը չի ընդունել իր մեղքը, մեղադրվել է անցյալ տարի Օկինավայում 20-ամյա մի կնոջ խեղդելու եւ բռնաբարության փորձ կատարելու մեջ, հաղորդել է Kyodo News-ը:
Նահայի օկրուգային դատարանը երեքշաբթի Քլեյթոնին դատապարտել է յոթ տարվա ազատազրկման՝ «մարմնական վնասվածք պատճառելու համար, առանց համաձայնության սեռական հարաբերություն ունենալու փորձի միջոցով»,- AFP-ին հայտնել է դատարանի ներկայացուցիչը։ Նախագահող դատավոր Կաձուհիկո Օբատան Քլեյթոնի վարքագիծը որակել է որպես «այնքան վտանգավոր, որ կարող էր վտանգել կնոջ կյանքը, եւ չափազանց չարամիտ», հաղորդել է Jiji Press-ը: Մեղադրողները պահանջել են 10 տարվա ազատազրկում: Քլեյթոնի փաստաբանները պնդել էին, որ նա ֆիզիկապես չի հարձակվել կնոջ վրա, այլ «միայն գրկել է նրան եւ հեռացել», հաղորդել է Yomiuri Shimbun թերթը:
Պաշտպանությունը դիտարկում է դատարանի որոշումը բողոքարկելու հնարավորությունը, տեղեկացվել է հաղորդագրություններում՝ հղում կատարելով Քլեյթոնի փաստաբանին։
Օկինավայում տեղակայված ամերիկյան զորքերի եւ տեղի բնակչության միջեւ հարաբերությունները վաղուց լարված են։ Անցյալ տարի ենթարեւադարձային ճապոնական կղզում տարբեր հանցագործությունների մեջ մեղադրվել են ամերիկյան զինվորականների հետ կապեր ունեցող 80 անձինք։
Գրանցվել է ութ լուրջ դեպք, ինչպիսին են կողոպուտը եւ առանց համաձայնության սեռական հարաբերությունները, AFP-ին հայտնել է ոստիկանության սպան։
Տեղեկացվել է, որ այս թիվը ամենաբարձրն է վերջին 30 տարվա ընթացքում։ 1995թ. երեք ամերիկացի զինվորների կողմից 12-ամյա աղջկա խմբակային բռնաբարությունը հանգեցրել է 1960թ. պայմանագիրը վերանայելու կոչերի, որը թույլ էր տալիս Միացյալ Նահանգներին զորքեր տեղակայել Ճապոնիայում։




























