Դոնի Ռոստովի Հարավային օկրուգային ռազմական դատարանի դատախազը խնդրել է Շամիլ Բասաեւի եւ Խաթաբի խմբավորման երկու հավանական անդամների՝ Թահիր Բեգելդիեւին եւ Վահիթ Խամզաթխանովին մեղավոր ճանաչել 1999թ. Չեչնիայում զինծառայողների վրա հարձակման մեջ, չորեքշաբթի «Ինտերֆաքս»-ին հայտնել են դատարանի մամուլի ծառայությունում։
Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ պետական մեղադրողը Բելգեդիեւի համար պահանջել է 25 տարվա ազատազրկում, որից 5 տարին պետք է կրի բանտում, իսկ մնացած մասը՝ խիստ ռեժիմի գաղութում: Խամզաթխանովի համար՝ 28 տարվա ազատազրկում, որից 5 տարին պետք է կրի բանտում, իսկ մնացած մասը՝ խիստ ռեժիմի գաղութում: Բացի այդ, երկուսն էլ տուգանվել են 500 հազար ռուբլու չափով:
Մեղադրյալներին մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 317-րդ հոդվածով (իրավապահ մարմինների աշխատակցի կամ զինծառայողի կյանքի նկատմամբ ոտնձգություն): Նախկինում նրանց դեմ քրեական գործեր էին հարուցվել նաեւ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածի 2-րդ մասի (ավազակություն) եւ 279-րդ հոդվածի (զինված ապստամբություն) հատկանիշներով, սակայն դրանք կարճվել են վաղեմության ժամկետը լրանալու պատճառով:
Հետաքննության տվյալներով՝ Բեգելդիեւը եւ Խամզաթխանովը 1999թ. հոկտեմբերին Չեչնիայի Շելկովսկի շրջանի Չերվլեննայա գյուղի տարածքում ռուս զինծառայողների վրա հարձակված ավազակախմբի անդամներ էին։
1999թ. հոկտեմբերի 4-ին Չեչնիայի Հանրապետության Շելկովսկի շրջանի Չերվլեննայա գյուղի տարածքում տեղի է ունեցել ռազմական բախում մարտականառաքելություն իրականացնող դաշնային ուժերի ստորաբաժանումների եւ Շամիլ Բասաեւի ու Խաթաբի գլխավորած ավազակախմբի անդամների միջեւ։
Խմբի հարձակման հետեւանքով զոհվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության 15 զինծառայող, եւս 28-ը ստացել է տարբեր ծանրության հրազենային եւ բեկորային վերքեր։





























