Եկատերինբուրգի Կենտրոնական շրջանային ռազմական դատարանը ռուսաստանցի սպա Եվգենի Ալակաևին դատապարտել է 18 տարվա ազատազրկման։

Ինչպես գրում է «Мемориал»-ը, նա մեղավոր է ճանաչվել պետական ​​դավաճանության և պետական ​​գաղտնիք պարունակող տեղեկություններ անօրինական կերպով ստանալու հոդվածներով։

«Առաջին հինգ տարին զինծառայողը պատիժը կանցկացնի բանտում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում»։

Մեղադրող կողմի պնդմամբ՝ 2023 թվականի սեպտեմբերի 21-ին Ալակաևը մտել է ռազմաքաղաքական աշխատանքային հսկողության կետի հերթապահ սպայի աշխատասենյակ և սեղանին տեսել է «Դեպքի հանգամանքները» վերնագրով փաստաթուղթ։

Փաստաթուղթը նվիրված էր 2023 թվականի սեպտեմբերի 20-ին Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մահվանը։

Եվգենի Ալակաևը ավելի վաղ ցանկացել էր մեկնել Լեռնային Ղարաբաղ որպես խաղաղապահ, սակայն այնտեղ ուղարկվեց նրա մտերիմ ընկերը և գործընկերը՝ գնդապետ Թագիր-Մուրոդ Կարաևը։

Սեպտեմբերի 20-ին նա զոհվեց այլ ռուսաստանցի զինծառայողների հետ միասին։

Եվգենի Ալակաևն արդեն գիտեր տեղի ունեցածի մասին և չափազանց ցնցված էր դրանից։ Ալակաևը վերցնում է փաստաթուղթը, կարդում և առաջին էջը լուսանկարում բջջային հեռախոսով։ Ավելի ուշ Ալակաևը փաստաթղթի լուսանկարն ուղարկում է հարազատ մորը՝ Լյուբով Ալակաևային։

Հետաքննության վարկածով՝ փաստաթուղթը դասակարգված էր որպես խիստ գաղտնի, ինչի մասին վկայում էր փաստաթղթի վերին աջ անկյունում դրված  համապատասխան մակագիր-կնիքը։

Փաստաթուղթը գաղտնիացվել էր, քանի որ «խաղաղ ժամանակ հատուկ գործողությունների ընթացքում կորուստների» մասին տեղեկություններ էր պարունակում։

Եվգենի Ալակաևի վարկածով՝ փաստաթղթի վրա ոչ մի մակագիր չի եղել, և ինքը դրա գաղտնի բովանդակության մասին տեղյակ չի եղել։ Նա պարզապես լուսանկարն ուղարկել է մորը՝ մտերիմ ընկերոջ մահվան առնչությամբ իր ապրումները նրան հաղորդակից դարձնելու համար։ Ալակաևի համոզմամբ՝ ինքն էլ «կարող էր նրանց վիճակում հայտնվել»։

Մեղադրանքի համար պատճառ է դարձել նաև մեկ այլ անձի՝ Ալակաևի ծանոթի՝ Ռուսաստանի քաղաքացի, Ուկրաինայի հունա-կաթոլիկ եկեղեցու քահանա և սրբանկարիչ Կոնստանտին Միրոնովին՝ նույն փաստաթղթի լուսանկարն ուղարկելու փաստը։

Պետական ​​գաղտնիք պարունակող տեղեկության տարբերակիչ առանձնահատկությունն այն է, որ օրենքը սահմանում է դրա անվտանգությունը, այսինքն՝ նման տեղեկության նկատմամբ կիրառում է դրան չարտոնված հասանելիությունը կանխելուն միտված մի շարք միջոցառումներ։

Միևնույն ժամանակ, նախքան Ալակաևին գաղտնի փաստաթղթին ծանոթանալը, լրատվամիջոցներում հրապարակվել են տեղեկություններ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մահվան հանգամանքների և մահացածներից մեկի անձնական տվյալների մասին, որոնք փորձագետները դասակարգել են իբրև պետական ​​գաղտնիք։ Կասկածելի է թվում նաև, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների շարքերում կորուստների մասին լրատվամիջոցներում արդեն տարածված տեղեկությունը կարող է վնաս պատճառել Ռուսաստանի Դաշնության անվտանգությանը», -գրում է « Мемориал»-ը։