ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որն արդարացնում է աշխարհում առաջին անգամ խաղաղ բնակչության դեմ միջուկային զենքի կիրառումը, վրդովմունք է առաջացրել 1945թ. ամերիկյան ուժերի կողմից ճապոնական քաղաքների ռմբակոծությունից փրկվածների շրջանում, հաղորդել է Kyodo-ն։

«Ես շատ հիասթափված եմ։ Ես ցասման մեջ եմ»,- ասել է Ճապոնիայի առաջատար «Նիհոն Հիդանկյո» կազմակերպության ավագ անդամ, 83-ամյա Տերուկո Յոկոյաման, որը 2024թ. խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է ճանաչվել։

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Հաագայում ՆԱՏՕ գագաթաժողովում իր ելույթի ժամանակ Թրամփը համեմատել է Իրանին ԱՄՆ հարվածները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ճապոնիայի վրա ատոմային ռումբեր նետելու իր երկրի որոշման հետ։

«Նրանք տրիլիոնավոր դոլարներ ծախսեցին՝ փորձելով դա անել, եւ նրանք ձախողվեցին, եւ մենք իրականում շատ լավ ենք շփվում նրանց հետ հենց հիմա։ Բայց մի՞թե մենք հաջողության չհասանք այդ հարվածով։ Այդ հարվածն ավարտեց պատերազմը։ «Ես չեմ ուզում Հիրոսիման օրինակ բերել, չեմ ուզում Նագասակին օրինակ բերել, բայց, ըստ էության, դա նույն բանն էր, որ ավարտեց այդ պատերազմը։ Դա ավարտեց այդ պատերազմը։ Եթե մենք դա չանեինք, նրանք հիմա կկռվեին»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Հիրոսիմայի եւ Նագասակիի ատոմային ռմբակոծությունները Միացյալ Նահանգների կողմից իրականացվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենավերջում՝ պաշտոնապես հայտարարված նպատակով՝ արագացնել Ճապոնիայի կապիտուլյացիան։ Սրանք մարդկության պատմության մեջ միջուկային զենքի մարտական ​​կիրառման միակ օրինակներն են։

Հիրոսիմայի վրա նետված ռումբը, տարբեր գնահատականներով, մեկ օրում սպանել է 70 հազարից 100 հազար մարդ: 1945թ. վերջին մահացածների թիվը հասել էր 140 հազարի՝ հիվանդանոցներում ստացած վերքերից եւ ճառագայթումից մահացածների հաշվին: