Թուրքիան աջակցում է ՆԱՏՕ որոշմանը մինչեւ 2035թ. պաշտպանական ծախսերը կրկնապատկելու մասին մինչեւ ՀՆԱ 5 տոկոսը եւ արդեն գերազանցում է նախկին 2 տոկոսը, հաղորդել է Reuters-ը՝ հղում կատարելով Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրին։

ՆԱՏՕ դաշնակիցները չորեքշաբթի համաձայնության են եկել հաջորդ տասնամյակում իրենց համատեղ ծախսերը բարձրացնել մինչեւ ՀՆԱ 5 տոկոսը՝ հղում կատարելով Ռուսաստանից եկող երկարաժամկետ սպառնալիքին եւ քաղաքացիական ու ռազմական դիմադրողականության ամրապնդման անհրաժեշտությանը։

«Թուրքիան գերազանցում է պաշտպանության ծախսերի պարտավորությանը համապատասխան սահմանված 2 տոկոսի նպատակային չափանիշը»,- ասել է աղբյուրը։ «Որպես ՆԱՏՕ երկրորդ ամենամեծ բանակը՝ Թուրքիան դաշինքի գործողություններում եւ առաքելություններում ամենամեծ ներդրում ունեցող հինգ երկրներից մեկն է»։

Աղբյուրը նշել է, որ Թուրքիան կատարել է ՆԱՏՕ բոլոր նպատակները եւ շարունակում է ներդրումներ կատարել պաշտպանական արդյունաբերության զարգացման եւ հետազոտությունների մեջ։ Այն նախատեսում է ընդլայնել իր բազմաշերտ հակաօդային պաշտպանության ցանցն ամբողջ երկրում՝ հիմնվելով իր ազգային «Պողպատե գմբեթ» նախագծի վրա։

«Մենք ներդրումներ ենք կատարում հակաօդային պաշտպանության համակարգերի, հիպերձայնային, բալիստիկ եւ թեւավոր հրթիռների, անօդաչու ցամաքային, ծովային եւ օդային համակարգերի, ինչպես նաեւ նոր սերնդի ավիակիրների, ֆրեգատների եւ տանկերի մեջ»,  ասել է աղբյուրը։

ՆԱՏՕ նոր նպատակը նախատեսում է, որ ՀՆԱ առնվազն 3.5 տոկոսը ծախսվի պաշտպանության հիմնական ծախսերի, իսկ մնացած մասը՝ անվտանգության հետ կապված ենթակառուցվածքների վրա՝ քաղաքացիական պատրաստվածությունն ու դիմադրողականությունը բարձրացնելու համար։