Օդային վթարների հետաքննության բյուրոն (AAIB) սկսել է վերլուծել Air India ավիաընկերության AI171 չվերթի վթարի վայրից վերցված սեւ արկղերի տվյալները, որը վթարի էր ենթարկվել հունիսի 12-ին Ահմադաբադից թռիչքից անմիջապես հետո, հաղորդել է Hindustan Times-ը՝ հղում կատարելով Հնդկաստանի կառավարության հայտարարությանը։ Միջազգային արձանագրություններին համապատասխան սկսված պաշտոնական հետաքննության շրջանակում Ահմադաբադում տեղի ունեցած վթարի վայրից հայտնաբերվել են խցիկի ձայնագրիչը (CVR) եւ թռիչքի տվյալների ձայնագրիչը (FDR)՝ մեկը՝ տանիքից՝ հունիսի 13-ին, իսկ մյուսը՝ բեկորներից՝ հունիսի 16-ին, եւ ինքնաթիռով տեղափոխվել են Դելի։ Կառավարությունը վստահեցրել է, որ AAIB-ը, որը նման հետաքննություններ անցկացնելու իրավասու մարմինն է, ներկայում հետաքննում է վթարը։
Կառավարությունը հայտնել է, որ սարքերը (CVR եւ FDR) գտնվել են ոստիկանության 24-ժամյա պաշտպանության եւ տեսախցիկների հսկողության տակ, նախքան դրանք հունիսի 24-ին Հնդկաստանի ռազմաօդային ուժերի (IAF) ինքնաթիռով Դելի տեղափոխելը։
Հայտարարության համաձայն՝ հունիսի 25-ի դրությամբ DVR հիշողության մոդուլից տվյալները հաջողությամբ հանվել են։ Կառավարությունն ավելացրել է, որ ներկայում ընթանում է CVR եւ FDR տվյալների վերլուծությունը՝ նշելով, որ ջանքերն ուղղված են վթարի հանգեցրած իրադարձությունների հաջորդականության վերականգնմանը եւ այն գործոնների բացահայտմանը, որոնք կարող են բարելավել թռիչքների անվտանգությունը եւ կանխել կրկնությունն ապագայում։
Հիշեցնենք, որ հունիսի առաջին կեսին Air India ավիաընկերության Boeing 787-8 Dreamliner ինքնաթիռը, որը Գաթուիքից թռչում էր Հնդկաստան եւ որի մեջ գտնվում էին 242 մարդ, այդ թվում՝ անձնակազմի անդամները, վթարի է ենթարկվել թռիչքից մի քանի րոպե անց եւ բռնկվել է։
Ավիավթարի հետեւանքով զոհվել է ավելի քան 290 մարդ։ Հրաշքով ողջ է մնացել մեկ մարդ։





























