Մինչեւ հունվարի վերջ հավանաբար պարզ կլինի, թե ովքեր են լինելու ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավարի տեղակալները: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի իրազեկ աղբյուրները: Իսկ առայժմ, շրջանառվող խոսակցությունների համաձայն, հավանական տեղակալների շարքում շրջանառվում է Ազգային Ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանի եւ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի անունները:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Դավիթ Հարությունյանը նշեց, որ առայժմ կա միայն շտաբի ղեկավար, իսկ կառուցվածքը դեռ ճշտվում է. «Երբ կառուցվածքը որոշվի, այդ հարցը կքննարկենք»,- ասաց նա:
Նշենք, որ ՀՀԿ շտաբի պաշտոնական բացումը նախատեսվում է փետրվարի կեսերին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ որ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել ԱԺ նախագահի պաշտոնից` ստանձնելու ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավարի պաշտոնը: Դրանից հետո Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Միքայել Մինասյանը զբաղեցրած պաշտոնից ազատվել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` նոյեմբերի 3-ի հրամանագրով՝ իր դիմումի համաձայն: NEWS.am-ի հետ հարցազրույցում Միքայել Մինասյանը ասել էր, որ ինքը գնում է օգնելու Հովիկ Աբրահամյանին գալիք ընտրությունները պատշաճ նախապատրաստելու հարցում եւ կարծում է, որ դա է այսօր առաջնահերթություն:




























