Իրանի քաղաքացի և ԱՄՆ օրինական մշտական բնակիչ, ով Թեհրանում տեղակայված ինժեներական ընկերության հիմնադիրն ու գլխավոր գործադիր տնօրենն է, ձերբակալվել է ԱՄՆ պատժամիջոցների խախտմամբ Իրան բարդ էլեկտրոնիկայի ապօրինի արտահանման դաշնային մեղադրանքի պատճառով, հայտնում է My News LA–ն։

ԱՄՆ դատախազի գրասենյակի տվյալներով՝ Թեհրանի և Սանտա Մոնիկայի բնակիչ, 66-ամյա Բահրամ Մոհամմադ Օստովարին ձերբակալվել է հինգշաբթի կեսօրին Լոս Անջելեսի միջազգային օդանավակայան ժամանելուն պես։

Նրան մեղադրանք է առաջադրվել Միջազգային արտակարգ տնտեսական լիազորությունների մասին օրենքը (IEEPA) խախտելու դավադրության մեկ և IEEPA-ն խախտելու երեք կետերով և նա հինգշաբթի օրը Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող ԱՄՆ շրջանային դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել։

Օստովարին, որը 2020 թվականի մայիսին դարձել է Միացյալ Նահանգների օրինական մշտական բնակիչ, ազատ է արձակվել 1.3 միլիոն դոլար գրավի դիմաց: Նրա դատավարությունը նշանակված է սեպտեմբերի 2-ին: Մեղադրական եզրակացությունը, որը հրապարակվեց ուրբաթ օրը, պնդում է, որ Օստովարին և նրա ենթադրյալ համախոհները առնվազն 2018 թվականի մայիսից մինչև այս տարվա հուլիսը գնել և իր ընկերությանը մատակարարել են բարդ համակարգչային պրոցեսորներ, երկաթուղային ազդանշանային սարքավորումներ և այլ էլեկտրոնիկա և էլեկտրոնային բաղադրիչներ և որ նա որպես միջնորդներ օգտագործել է Միացյալ Արաբական Էմիրություններում իր կողմից վերահսկվող երկու կեղծ ընկերություններ:

ԱՄՆ դատախազների պնդմամբ՝ Օստովարին և նրա համախոհները, ենթադրաբար, դիտավորյալ թաքցրել են Միացյալ Նահանգների և այլ երկրների էլեկտրոնիկայի մատակարարներից, որ ապրանքները նախատեսված էին Իրանի համար՝ ենթադրաբար կեղծ հայտարարելով, որ ԱՄԷ-ում գտնվող երկու ընկերություններ են վերջնական օգտագործողները։