Ուրբաթ օրը ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգումֆերմեր է մահացել՝ ԱՄՆ ներգաղթային գործակալների կողմից կանեփի գործարանում կատարված խուզարկության և հարյուրավոր աշխատողների ձերբակալության հետևանքով ստացած վնասվածքներից, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով գյուղատնտեսական աշխատողների իրավունքների պաշտպանության խմբին։
ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարությունը հայտնել է, որ մոտ 200 անօրինական ներգաղթյալներ ձերբակալվել են կանեփի արտադրության երկու ֆերմաներում իրականացված արշավի ընթացքում։ Գերատեսչության հայտարարության համաձայն՝ գործակալները ֆերմաներում հայտնաբերել են նաև 10 անչափահաս միգրանտի։
Ձեռնարկությունում հետաքննություն է իրականացվում՝ կապված երեխաների աշխատանքի օգտագործման կանոնների խախտումների հետ, X սոցիալական ցանցում հայտնել է Մաքսային և սահմանային պահպանության ծառայությունների հանձնակատար Ռոդնի Սքոթը ։
Մի քանի գյուղատնտեսական աշխատողներ վիրավորվել են, իսկ մեկը մահացել է։ Նա մահացել է 9 մետր բարձրություն ունեցող շինությունից ընկնելուց հետո, ասել է Միացյալ գյուղատնտեսական աշխատողների ազգային փոխնախագահ Էլիզաբեթ Ստրատերը:
ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարությունը հայտարարել է, որ իրենց աշխատակիցները պատասխանատվություն չեն կրում տղամարդու մահվան համար՝ նշելով, որ «թեև իրավապահ մարմինները նրան չեն հետապնդել, սակայն անձը բարձրացել է շինության տանիք և ընկել 30 ֆուտ (մոտ 9 մետր) բարձրությունից»։ Գերատեսչությունից հայտնել են, որ գործակալները անմիջապես բժշկական օգնություն են կանչել։




























