Առաջիկայում նախատեսվում է իրականացնել Թուրքիայի տարածքով ադրբեջանական գազը Սիրիա արտահանելու նախագիծը։ Այդ մասին ասված է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ՝ Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ Իլհամ Ալիևի ընդլայնված կազմով հանդիպման արդյունքներով, հայտնում է «Ինտերֆաքսը»։
«Նշվել է, որ Սիրիան ներկայումս բախվում է լուրջ էներգետիկ դժվարությունների։ Այս առնչությամբ ընդգծվել է, որ առաջիկայում կիրականացվի Թուրքիայի տարածքով ադրբեջանական գազի արտահանումը Սիրիա, ինչը կնպաստի երկրի էներգետիկ անվտանգության ապահովմանը։ Նշվել է նաև, որ Ադրբեջանը ներուժ ունի՝ աջակցելու Սիրիայի էներգետիկ ոլորտի վերականգնմանը», - ասված է կայքում։
Աշ-Շարաան ընդգծել է «Սիրիայի արդի էներգետիկ խնդիրների լուծման գործում Ադրբեջանի ներդրման կարևորությունը և նշել, որ այդ օգնությունը նպաստում է երկրի վերականգնմանն ու զարգացմանը»։
Իր հերթին Ալիևը դժգոհել է Սիրիայի նախկին ղեկավարության «ոչ բարեկամական քաղաքականությունից», որի պատճառով երկրների միջև հարաբերությունները «լճացում էին ապրում»։
Ալիևը նաև հիշատակել է փոխվարչապետի և ԱԳ փոխնախարարի գլխավորած ադրբեջանական պատվիրակության այցը Սիրիա, որի ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ուղղված նախագծեր։
Աշ-Շարաան իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալիևին Սիրիային ցուցաբերած «եղբայրական աջակցության» համար։
Նա նշել է, որ երկրի նախկին ղեկավարությունը «վնաս է հասցրել Սիրիայի հարաբերություններին բազմաթիվ պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ» և հայտարարել, որ ներկայիս ղեկավարությունը շահագրգռված է «Բաքվի հետ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության զարգացմամբ»։