ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցցանցում իր վրդովմունքն է հայտնել երկրի գլխավոր դատախազ Փեմ Բոնդիի հասցեին հնչող քննադատության կապակցությամբ, որը կապված է դատապարտված մանկապիղծ, ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործի հետ։
Թրամփի կարծիքով, Բոնդին «ֆանտաստիկ» աշխատանք է կատարում, իսկ նրա վարչակազմը «կատարյալ» է։
Ըստ Թրամփի, ԱՄՆ նախկին վարչակազմն է «ստեղծել» Էփշտեյնի դոսյեն, «ճիշտ այնպես, ինչպես նրանք ստեղծեցին Հիլարի Քլինթոնի/Քրիստոֆեր Սթիլի ԿԵՂԾ դոսյեն, որն օգտագործեցին իմ դեմ, և այժմ իմ, այսպես կոչված, «ընկերները» նրանց օգտին են խաղում»։
ԱՄՆ նախագահի պնդմամբ, եթե Էփշտեյնի դոսյեում լիներ որևէ բան, որը կարող էր վնասել իր MAGA քաղաքական շարժմանը, նրա հակառակորդները կօգտվեին դրանից։
«Անկախ նրանից, թե ինչ հաջողությունների ենք հասել սահմանի անվտանգության ապահովման, հանցագործների արտաքսման, տնտեսության վերականգնման, էներգետիկայում գերիշխելու, ավելի անվտանգ աշխարհ ստեղծելու հարցում, որտեղ Իրանը միջուկային զենք չի ունենա, որոշ մարդկանց համար դա երբեք բավարար չէ։ 6 ամսում պատրաստվում ենք հասնել ավելիին, քան ցանկացած այլ վարչակազմ վերջին 100-ից ավելի տարիների ընթացքում, և դեռ շատ ավելին ունենք անելու», - գրել է նա։
Ըստ Թրամփի, «հիանալի» Փեմ Բոնդին հետաքննում է 2020 թվականի նախագահական ընտրությունները, որոնցում հաղթել է Ջո Բայդենը։
«Եկեք ամեն ինչ թողնենք այնպես, ինչպես կա, և ժամանակ ու էներգիա չվատնենք Ջեֆրի Էփշտեյնի վրա՝ մի մարդու, որը ոչ ոքի չի հետաքրքրում։ Շնորհակալություն այս հարցին ուշադրություն դարձնելու համար», - եզրափակել է նա։
Նշենք, որ այս գրառումը վրդովեցրել է սոցցանցում նրա բազմաթիվ կողմնակիցների, որոնք հիշեցրել են, որ ԱՄՆ նախագահը խոստացել էր նրանց բացահայտել Էփշտեյնի դոսյեն։ Իսկ ոմանք նշել են, որ Թրամփը կարող է զրկվել իր բազմաթիվ կողմնակիցների աջակցությունից՝ «մոռանալու» առաջարկի պատճառով։
Հիշեցնենք, որ Ջեֆրի Էփշտեյնը 2019 թվականի օգոստոսին դատավարությանը սպասելիս ինքնասպան է եղել Նյու Յորքի դաշնային բանտում։ Նա իրեն մեղավոր չի ճանաչել տասնյակ աղջիկների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով, որոնցից ոմանք ընդամենը 14 տարեկան էին։