Շաբաթ օրը Ֆրանսիան հայտարարեց Նոր Կալեդոնիայի հետ «պատմական» համաձայնագրի մասին, որի համաձայն՝ անցյալ տարի անջատողականների բռնություններից տուժած այս անդրծովյան տարածքը կմնա Ֆրանսիայի կազմում, բայց կհռչակվի որպես նոր պետություն, հայտնում է France 24-ը։ 

Նախագահ Էմանուել Մակրոնը բանակցությունների կոչ էր արել՝ Ֆրանսիային հավատարիմ ուժերի և անկախություն ցանկացողների միջև փակուղուց դուրս գալու համար։ 

Նա խնդրել էր Նոր Կալեդոնիայի ընտրված ներկայացուցիչներին, ինչպես նաև քաղաքական, տնտեսական և հասարակական առաջնորդներին հավաքվել Փարիզի մոտ՝ տարածքի համար սահմանադրական շրջանակ մշակելու նպատակով։

10-օրյա բանակցություններից հետո կողմերը համաձայնության են եկել «Նոր Կալեդոնիա պետություն» ստեղծելու շուրջ։ 

«Արշիպելագը պետք է պահպանի իր կարգավիճակը Ֆրանսիայի կազմում, իսկ կալեդոնացիները կմնան ֆրանսիացիներ», - հայտարարել է պատգամավոր Նիկոլա Մետցդորֆը, որը դեմ է անկախությանը։ Նշվում է, որ բնակիչներին հնարավորություն կտրվի պահպանել Ֆրանսիայի քաղաքացիությունը կամ այն համատեղել Նոր Կալեդոնիայի քաղաքացու նոր կարգավիճակի հետ։[ 

Ըստ նրա, այժմ առաջնահերթությունը Նոր Կալեդոնիայի տնտեսության վերականգնումն է անցյալ տարվա բռնություններից հետո, որոնց հետևանքով զոհվել է 14 մարդ, և որոնք, ըստ գնահատականների, տարածքին պատճառել են երկու միլիարդ եվրոյի վնաս՝ 10 տոկոսով կրճատելով նրա համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ)։

Վարչապետ Ֆրանսուա Բայրուն հայտարարել է, որ շաբաթ օրը ձեռք բերված համաձայնագիրը, որը դեռ պետք է հավանության արժանանա խորհրդարանի և հանրաքվեի կողմից, «պատմական նշանակություն» ունի։ 

Նոր Կալեդոնիան, որտեղ բնակվում է մոտ 270 000 մարդ և որը գտնվում է Փարիզից գրեթե 17 000 կիլոմետր հեռավորության վրա, այն անդրծովյան տարածքներից է, որոնք մնում են Ֆրանսիայի անբաժանելի մասը։ 

1800-ական թվականներից այն կառավարվում է Փարիզի կողմից, սակայն բնիկ կանակներից շատերը դեռևս վրդովված են իրենց կղզիների նկատմամբ Ֆրանսիայի իշխանությունից և ցանկանում են ավելի լիարժեք ինքնավարություն կամ անկախություն։ 

Հիշեցնենք, որ Նոր Կալեդոնիայի անկարգություններին ակտիվ մասնակցություն է ունեցել Ադրբեջանը։ Ադրբեջանական լրատվամիջոցները բազմիցս հպարտությամբ հրապարակել են իրենց երկրի դրոշների լուսանկարները ֆրանսիական տարածքում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ։