Ավստրալիան նախապես զորք չի մտցնի որևէ հակամարտության մեջ, կիրակի օրը հայտարարել է երկրի պաշտպանական արդյունաբերության նախարար Փեթ Քոնրոյը՝ պատասխանելով այն տեղեկությանը, թե Պենտագոնը իր դաշնակցից պարզաբանում է պահանջել, թե ինչ դեր կխաղա, եթե ԱՄՆ-ն ու Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի համար, հայտնում է Reuters-ը։
«Ավստրալիան առաջնահերթ նշանակություն է տալիս իր ինքնիշխանությանը, և մենք վարկածներ չենք քննարկում», - ասել է Քոնրոյը Ավստրալիայի հեռարձակող կորպորացիային տված հարցազրույցում։
«Այս կամ այն հակամարտությանը ավստրալական զորքերի մասնակցության մասին որոշումը կառավարությունը կկայացնի հենց այդ օրը, ոչ թե նախապես, այլ այն օրը, երբ դա տեղի ունենա», - ավելացրել է նա։
Շաբաթ օրը Financial Times թերթը հայտնել է, որ ԱՄՆ պաշտպանության՝ քաղաքականության հարցերով փոխնախարար Էլբրիջ Քոլբին ավստրալացի և ճապոնացի պաշտպանության հարցերով պաշտոնյաներից հետաքրքրվել է, թե ինչ են անելու Թայվանի հակամարտության դեպքում, թեև ԱՄՆ-ն Թայվանի պաշտպանության երաշխիքներ չի տալիս։
Քոլբին X սոցցանցում գրել է, որ Պաշտպանության նախարարությունն իրականացնում է նախագահ Դոնալդ Թրամփի «Նախ Ամերիկան»՝ զսպումը վերականգնելու ծրագիրը, որը ներառում է «դաշնակիցներին ուղղված կոչ՝ ավելացնելու պաշտպանական ծախսերը և մեր հավաքական պաշտպանության հետ կապված այլ ջանքերը»։