Երեկ՝ հուլիսի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի կունենան Արագածոտնի մարզում։ Ժամը 20:50-ի սահմաններում Մարգարա - Վանաձոր - Տաշիր Մ3 ավտոճանապարհին 69 կմ հատվածում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով բախվել հողաթմբերին և քարերին և հայտնվել դաշտում, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Արագածոտնի մարզի բնակիչներ 21-ամյա Տարոն Տիգրանյանը, 21-ամյա Գառնիկ Միքայելյանն ու 20-ամյա Սամվել Ղազարյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Փրկարարները վիրավորներից 2-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնությանը։
Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքի տեղեկություններով՝ այսօր՝ հուլիսի 13-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Ապարանի բաժին, որ վիրավորներից Տ. Տիգրանյանն ու Ս. Ղազարյանը գիտակցության չգալով մահացել են։
Քննչական բաժինը պարզում է վարորդի ինքնությունը։





























