Երկու հայր մտադիր են դատի տալ կառավարությանը՝ փորձելով հասնել Անգլիայի դպրոցներում սմարթֆոնների օգտագործման արգելքին, հայտնում է The Guardian-ը։

Ուրբաթ օրը Ուիլ Օր-Յուինգը և Փիթ Մոնթհոմերին նամակ են գրել կրթության նախարար Բրիջիթ Ֆիլիպսոնին՝ նախազգուշացնելով, որ դատական վերանայման են ձգտելու։

Նրանք պնդում են, որ ներկայիս ուղեցույցը, որը թույլ է տալիս դպրոցների տնօրեններին որոշել, թե ինչպես օգտագործել սմարթֆոնները, անօրինական է և անվտանգ չէ երեխաների համար։

Կրթության նախարարությունն այժմ 14 օր ունի նամակին պաշտոնապես պատասխանելու համար, որից հետո հայցվորները կարող են դատական գործընթաց սկսել։

Գերատեսչությունը հայտարարել է, որ դպրոցներն արդեն հեռախոսների օգտագործումն արգելելու իրավունք ունեն, և դա «ավելի լավ պաշտպանություն» է ապահովում վնասակար բովանդակությունից՝ համաձայն «Համացանցի անվտանգության մասին» օրենքի։

Անգլիայում երեխաների հարցերով հանձնակատար Ռեյչել դե Սոուզայի պատվերով անցկացված և ապրիլին հրապարակված ազգային հարցումը ցույց է տվել, որ Անգլիայի դպրոցների 90%-ում աշակերտներին արգելված է օգտվել բջջային հեռախոսներից։

Ըստ հարցման արդյունքների, միջնակարգ դպրոցների 79%-ը թույլ է տալիս աշակերտներին պահել իրենց հեռախոսները, բայց արգելում է դրանց օգտագործումը կամ ցուցադրումը, մինչդեռ 8%-ը պահանջում է հանձնել հեռախոսները, իսկ 3%-ն ընդհանրապես արգելում է աշակերտներին դրանք դպրոց բերել։

Հայց ներկայացրած երկու հայրերը պնդում են, որ սմարթֆոնները դեռևս օգտագործվում են «վտանգավոր եղանակով», և երեխաների համար ամենաանվտանգ մոտեցումը կլիներ դպրոցներում սմարթֆոնների օգտագործման լիակատար արգելքը։

Օր-Յուինգն ասել է, որ կան ապացույցներ, որ սարքերն օգտագործվել են «շատ դաժան կամ սեռական բնույթի նյութեր» պարունակող վնասակար բովանդակությանը հասանելիություն ստանալու կամ կիբերբուլինգի համար։ Նա հավելել է, որ «գիշատիչները աղջիկներին մանիպուլյացիայի են ենթարկել  հաղորդագրությունների փոխանակման հարթակներում դասերի ժամանակ և դպրոցական զուգարաններում», իսկ «փոքրիկ երեխաներին» այլ երեխաներ «բացահայտ պոռնոգրաֆիա» են ցույց տվել դպրոցական ավտոբուսում։