Գազայի հատվածի դեմ Իսրայելի կողմից իրականացվող պատերազմում զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 58,000-ը։ Այս մասին հայտնել է կատարական Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով Գազայի առողջապահության նախարարությանը։
Գերատեսչության հայտարարության համաձայն՝ Իսրայելի գործողությունների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը ներկայումս հասել է 58 026-ի։ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին՝ պատերազմի սկզբից ի վեր զոհվածների կեսից ավելին եղել են կանայք և երեխաներ։ Գազայի առողջապահության նախարարությունը նաև հայտնել է, որ վիրավորվել է առնվազն 138 500 մարդ, նշում է հեռուստաալիքը։
Մերձավոր Արևելքում իրավիճակը կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ ՀԱՄԱՍ-ի զինյալները Գազայի հատվածից ներթափանցել են Իսրայելի տարածք, որն ուղեկցվել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանություններով և պատանդներ վերցնելով։ Իսրայելը հայտարարել է Գազայի լիակատար շրջափակման մասին և այդ հատվածում ռազմական գործողություն է սկսել։ Այս տարվա մայիսի 18-ին Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է տարածաշրջանի հյուսիսային և հարավային շրջաններում մարտական գործողությունների մեկնարկի մասին, որն իրականացվել է «Գիդեոնի կառքերը» լայնածավալ ցամաքային գործողության շրջանակներում։





























