ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գազայի հատվածում իրավիճակը կարող է կարգավորվել մեկ շաբաթվա ընթացքում։ Համապատասխան հայտարարությունը նա արել է հուլիսի 13-ին՝ Վաշինգտոնի մերձակա Էնդրյուս ռազմաբազայում լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ։

«Գազայի շուրջ բանակցություններ են ընթանում և ես հույս ունեմ, որ մենք լուծում կգտնենք առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում։ Կտեսնենք, թե ինչ տեղի կունենա», - ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ պատասխանելով պաղեստինյան անկլավում հրադադարի շուրջ բանակցությունների ընթացքի մասին հարցին։

Հուլիսի 6-ին պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը և Իսրայելը՝ Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի միջնորդությամբ, Դոհայում վերսկսել են բանակցային գործընթացը, որն ուղղված է Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի ձեռքբերմանը և անկլավում պահվող իսրայելցի պատանդների ազատ արձակմանը։ Հուլիսի 8-ին Կատարի վարչապետի խորհրդական, ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամմադ ալ-Անսարին հայտնել է, որ բանակցությունները դեռ չեն սկսվել, իսկ կատարական և եգիպտական միջնորդները խորհրդակցություններ են անցկացնում ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի ներկայացուցիչների հետ՝ տարաձայնությունները հաղթահարելու և ապագա բանակցությունների շրջանակները որոշելու նպատակով։ Նա նշել է, որ Գազայի հատվածում հրադադարի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը ժամանակ կպահանջի։