Ամերիկյան Գրանդ Կանյոն (Արիզոնա նահանգ) ազգային պարկում բռնկված բնական հրդեհը ոչնչացրել է տասնյակ բնակելի և վարչական շենքեր, այդ թվում՝ հյուսիսային լանջի միակ հյուրանոցը՝ The Grand Canyon Lodge-ը։ Այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը։

Պարկի կառավարիչ Էդ Քիբլի խոսքերով՝ կրակը ոչնչացրել է 50-ից 80 շինություն, այդ թվում՝ այցելուների կենտրոնը, բենզալցակայանը, մաքրման կայանները և պատմական նշանակություն ունեցող բնակելի շենքեր։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Պարկի ղեկավարությունը որոշել է փակել Մեծ կիրճի հյուսիսային լանջը այցելուների համար մինչև ամառային սեզոնի ավարտը։

Հրդեհը բռնկվել է կայծակի հարվածից։ Հուլիսի 12-ին կրակի տարածքը հասել է գրեթե 4,5 հազար հեկտարի։ Պարկից տարհանվել է շուրջ 500 մարդ։ Կրակի դեմ պայքարը բարդացնում են շոգ եղանակը, ցածր խոնավությունը և ուժեղ քամին, ինչպես նաև քլորի արտահոսքի վտանգը՝ կապված մաքրման կայանների այրման հետ։