Իսրայելական հարվածների հետևանքով Իրանի տարածքում զոհերի թիվը հասել է 1062-ի։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության նահատակների և վետերանների հիմնադրամի նախագահ Սաիդ Օհադին։

«Մինչ օրս մենք թաղել ենք 1062 մարդու, ևս 5800-ը վիրավորվել են [Իսրայելի] հանցագործությունների հետևանքով, որոնցից մոտ 100-ը դեռ հոսպիտալացված են, իսկ 34-ի վիճակը գնահատվում է ծանր», - ասել է պաշտոնյան Իրանի պետական հեռուստատեսության եթերում։ Ավելի վաղ հաղորդվել է Իսլամական հանրապետության տարածքում մարտական գործողությունների ընթացքում 1060 զոհի և ավելի քան 5000 վիրավորի մասին։

Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն է սկսել Իրանի դեմ։ Մեկ օր էլ չանցած՝ Իսլամական Հանրապետությունը պատասխան հարձակում է իրականացրել։ ԱՄՆ-ն հակամարտության մեջ է մտել դրա սրումից ինը օր անց. հունիսի 22-ի գիշերը ամերիկյան զինված ուժերը հարձակվել են Իրանի երեք միջուկային օբյեկտների վրա։ Հունիսի 23-ի երեկոյան Թեհրանը հրթիռային հարված է հասցրել Կատարում գտնվող Մերձավոր Արևելքի խոշորագույն ամերիկյան «Ալ-Ուդեյդ» ավիաբազային։ Ինչպես հայտնել են ԱՄՆ իշխանությունները, տուժածներ չկան, էական վնաս չի հասցվել։ Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը և Իրանը համաձայնել են ամբողջությամբ դադարեցնել կրակը։ Զինադադարը սկսել է գործել հունիսի 24-ից։