Սիրիայի հարավում՝ դրուզաբնակ Սուվեյդա քաղաքում՝ բեդվինական ցեղերի և տեղի զինյալների միջև բախումների հետևանքով զոհվել է առնվազն 50 մարդ։ Այս մասին հայտնել է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խորհուրդը (SOHR), երկուշաբթի՝ հուլիսի 14-ին։ Սիրիայի իշխանությունները զորքեր են ուղարկել մարտական գործողությունների գոտի՝ հակամարտության լիցքաթափման նպատակով։
Սիրիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է «ավելի քան 30 զոհի և գրեթե 100 վիրավորի» մասին, ինչպես նաև հայտարարել պաշտպանության նախարարության հետ համակարգված զորքերի տեղակայման մասին։ ՆԳՆ հայտարարության համաձայն՝ այս ուժերը «ուղղակի միջամտություն կսկսեն տարածաշրջանում՝ հակամարտությունը կարգավորելու, բախումները դադարեցնելու, կարգուկանոն հաստատելու, մեղավորներին հետապնդելու և դատարան հանձնելու համար»։





























