Հարավային Կորեան բողոք է հայտնել Ճապոնիային՝ 2025 թվականի պաշտպանության Սպիտակ գրքում Տոկտո կղզիների նկատմամբ տարածքային հավակնությունների պատճառով։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Հարավային Կորեայի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Սպիտակ գրքում», մասնավորապես, նշվում է, որ Տակեսիման (Տոկտոյի ճապոնական անվանումը) Ճապոնիայի տարածքի մաս է կազմում, իսկ «կղզիների հետ կապված տարածքային հարցերը մնում են չլուծված»։
«Կորեայի Հանրապետության կառավարությունը վճռական բողոք է հայտնում Ճապոնիայի կողմից Տոկտո կղզիների նկատմամբ անարդարացի տարածքային հավակնությունների կրկնակի հայտարարության դեմ և վճռականորեն կարձագանքի ցանկացած անօրինական գործողության»,- հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Նա ասել է, որ պատմականորեն, աշխարհագրորեն և միջազգային իրավունքի տեսանկյունից կղզիները հարավկորեական տարածք են համարվում։
Տոկտոն փոքր կղզիների խումբ է՝ 0.188 քառակուսի կիլոմետր ընդհանուր մակերեսով, որոնք գտնվում են Կորեական թերակղզուց արևելք։ Այս անմարդաբնակ ժայռոտ տարածքները միջազգային վեճի առարկա են դարձել 1945 թվականից հետո, երբ Կորեան ազատագրվել է ճապոնական գաղութային տիրապետությունից։ Կղզիները վերահսկվում են Հարավային Կորեայի զինված ուժերի կողմից, սակայն Տոկիոն շարունակում է հայտարարել դրանց նկատմամբ իր ինքնիշխանության մասին։ Դրա մասին հիշատակումներ կան քաղաքական փաստաթղթերում և դպրոցական դասագրքերում։




























