Այսօր՝ հուլիսի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում. Ժամը 08:20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աշոցքի տարածաշրջանի Ցողամարգ-Վարդաղբյուր գյուղերի բաժանարար հատվածում՝ վագոն-տնակի մոտ, տղամարդու կախված դի կա, հաղորդում է Shamshyan.com–ը։

Քրեական ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Հովհաննես Գ.-ի դին՝ վագոն տնակի կողային հատվածում՝ երկաթե խողովակից կախված վիճակում:

Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կայքի տեղեկություններով՝ մահացածը Շիրակի մարզի կաթի գործարաններից մեկում էր աշխատում՝ որպես կաթ հավաքող, և նրան կցված էր կաթի ավտոմեքենա:

Առավոտյան, երբ գործընկերները տեսել են, որ նա ուշանում է, սկսել են փնտրել նրան, ապա հայտնաբերել են նշված վայրում: