Պայթյուն է տեղի ունեցել Ատրուշ նավթային հանքավայրում, որը գտնվում է Իրաքյան Քուրդիստանի ինքնավար մարզի Դահուկ նահանգի հյուսիսային մասում։ Այս մասին հայտնել է Shafaq news հեռուստաալիքը։
Տեղական անվտանգության ուժերի ներկայացուցչի տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել հանքավայրի տարածքում։ Օբյեկտի աշխատակիցները և քաղաքացիական պաշտպանության ուժերի ջոկատները փորձում են մարել բռնկված հրդեհը։ Նավթի արդյունահանումը դադարեցվել է։ Նախնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով զոհեր չկան։
Ինչպես պնդում է Baghdad news լրատվական պորտալը՝ Դահուկ նահանգի Ատրուշ հանքավայրը «հարձակման է ենթարկվել»։ Տվյալների համաձայն՝ հանքավայրի տարածքում տեսանելի են ծխի սյուներ։ Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։




























