Իսրայելը Սիրիայի իշխանություններից պահանջում է հետ քաշել զորքերը հանրապետության հարավում գտնվող Էս-Սուվեյդա քաղաքի շրջանից, որտեղ բնակվում են դրուզները։ Հակառակ դեպքում իսրայելական բանակը նոր հարվածներ կհասցնի տարածաշրջանի սիրիական կառավարական ուժերին։ Այս մասին հայտարարել է հրեական պետության պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

«Սիրիական ռեժիմը պետք է Էս-Սուվեյդայում ապրող դրուզներին հանգիստ թողնի և հետ քաշի իր ուժերը։ Ինչպես մենք հստակ հայտարարել և նախազգուշացրել ենք՝ Իսրայելը չի լքի դրուզներին Սիրիայում և կիրականացնի ապառազմականացման քաղաքականություն, որի մասին որոշումը մենք ավելի վաղ ենք կայացրել»,- հայտարարել է Կացը։

Նրա խոսքով՝ Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի հարվածներ հասցնել սիրիական կառավարության «ռեժիմի ուժերին», մինչև որ «դրանք չհեռացվեն այդ տարածքից»։ Իսրայելական բանակը «շուտով կուժեղացնի ռեժիմի դեմ պատասխան միջոցները, եթե այս ուղերձը չընկալվի»։

Հուլիսի 15-ին Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները առնվազն չորս հրթիռային հարված են հասցրել Աս-Սուվեյդա և Դարաա հարավային նահանգներում գտնվող Սիրիայի նոր կառավարության և արաբական ցեղային աշխարհազորայինների կողմից վերահսկվող ուժերի դիրքերին։