Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այսօր` հունվարի 17-ին, ժամը 15:00-ին, շարունակվեց Գեղարքունիքի մարզպետ, ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանի ներկայացրած հայցի քննությունն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի: Քանի որ «Ժողովուրդ»-ն էլ իր հերթին է հակընդդեմ հայցով դիմել դատարան, ուստի անհրաժեշտ էր, որ դատավոր Արթուր Թամրազյանը ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 22 հոդվածի կանոններով, նշանակեր նախնական դատական նիստ, սակայն դատավորը այն չնշանակեց:

Այսօրվա դատական նիստի ընթացքում «Ժողովուրդ» օրաթերթի ներկայացուցիչ Հակոբ Ճարոյանը միջնորդեց, որ դատավորն անցկացնի նախնական դատական նիստ, քանի որ ներկայացվել է հակընդդեմ հայց եւ ապացուցման խնդիրներ կան: Սակայն մարզպետի ներկայացուցիչները առարկեցին, իսկ գործում որպես երրորդ անձ ներգրավված Աննա Թորոսյանը համաձայնել է «Ժողովուրդ»-ի ներկայացուցչի հետ:

Երբ դատավորը մերժեց օրաթերթի ներկայացուցչի միջնորդությունը, Ճարոյանը 3 օր ժամանակ խնդրեց դատավորից` նրան ինքնաբացարկ ներկայացնելու համար: Այս միջնորդությունը բավարարվեց: Դատական հաջորդ նիսը կկայանա հունվարի 19-ին ժամը 16:00-ին:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Աննա Թորոսյանի խոսքերը այն մասին, որ մարզպետ Պողոսյանը 3000 դոլար կաշառք է վերցրել իր վարորդի միջոցով` դպրոցի պատմության ուսուցչի քննության ժամանակ Թորոսյանի մրցակցին անցկացնելու համար: Այս հրապարակումից մարզպետը վիրավորվել է: Պողոսյանը <Ժողովուրդ>-ից պահանջում է 2,5 մլն դրամ` իրեն զրպարտելու եւ վիրավորելու դիմաց, իսկ «Ժողովուրդ» օրաթերթը հակընդդեմ հայցով մարզպետից հրապարակային ներողություն է պահանջում եւ սիմվոլիկ մեկ լումայի փոխհատուցում: