Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը համաձայնել է կարգավորել բազմամիլիարդանոց դատական ​​հայցը մի խումբ բաժնետերերի հետ՝ կապված այն բանի հետ, թե ինչպես են Meta-ի թոփ մենեջերներն արձագանքել Facebook սոցիալական ցանցում անձնական տվյալների կրկնակի խախտումների վերաբերյալ հաղորդագրություններին, հայտնում է BBC News-ը։

Բաժնետերերը պահանջում էին 8 միլիարդ դոլար՝ իբրև վնասի փոխհատուցում։ Անհասկանալի է, թե որքան գումարի դիմաց են նրանք համաձայնել ընդհանուր հայտարարի գալ։

Հաշտության մասին հինգշաբթի հայտարարել է բաժնետերերի փաստաբանը՝ Դելավերի նահանգային դատարանում դատավարության երկրորդ օրվանից անմիջապես առաջ։ Meta-ն հրաժարվել է մեկնաբանել այդ կարգավորումը։

Meta-ի բաժնետերերը պնդում էին, որ Ցուկերբերգի գործողությունները հանգեցրել են Cambridge Analytica սկանդալին, որի արդյունքում Facebook-ի միլիոնավոր օգտատերերի տվյալներն արտահոսել են, որոնք օգտագործել է քաղաքական խորհրդատվական ընկերությունը։

Բաժնետերերը դատավորին խնդրել են գործով նշված 11 մեղադրյալներին պարտավորեցնել փոխհատուցելու Meta-ին ավելի քան 8 միլիարդ դոլար տուգանքների և իրավաբանական ծախսերի դիմաց, որոնք, ըստ նրանց, Facebook-ը ստիպված է եղել վճարել օգտատերերի անձնական տվյալների պաշտպանության խախտման վերաբերյալ հայցերը կարգավորելու համար։

Դատական ​​հայցը ներկայացվել է, երբ պարզվել է, որ Cambridge Analytica քաղաքական խորհրդատվական ընկերությունը, որը աշխատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 2016 թվականի նախընտրական քարոզարշավի համար, հասանելիություն է ունեցել Facebook-ի միլիոնավոր օգտատերերի տվյալներին։

Մեղադրվողների թվում է Ջեֆրի Զենթսը, որը 2018 թվականի մայիսից սկսած երկու տարի զբաղեցրել է Meta-ի տնօրենի պաշտոնը, ինչպես նաև եղել է Սպիտակ տան նախկին նախագահ Ջո Բայդենի աշխատակազմի ղեկավարը։ Մյուս մեղադրյալների թվում են Palantir Technologies-ի համահիմնադիր Փիթեր Թիլը և Netflix-ի համահիմնադիր Ռիդ Հասթինգսը։