Հարավօսիական ընդդիմության առաջնորդ Ալլա Ջիոեւան մտադիր չէ մասնակցելու երկրի ղեկավարի համար կրկնակի ընտրություններին, որը դիտարկվել էր որպես փոխզիջում նախկին նախագահ Էդուարդ Կոկոյտիի հետ համաձայնագրում: Նա հայտարարել է, որ հրաժարվում է այդ համաձայնագրում իր ստորագրությունից:
«Ես ոչ մի ընտրություն էլ չեմ ընդունում: Հենց այն պատճառով, որ ես Հարավային Օսիայի օրինապես ընտրված նախագահն եմ», - հայտարարել է Ջիոեւան «ՌԻԱ Նովոստիին»:
«Ինտերֆաքսին» նա հայտնել է, որ նամակ է գրել երկրի նախագահի պաշտոնակատար Վադիմ Բրովցեւին, որում նրան տեղեկացրել է Էդուարդ Կոկոյտիի հետ դեկտեմբերյան համաձայնագրի իր ստորագրությունը հետ կանչելու մասին:
Նման որոշում Ջիոեւան կայացրել է ելնելով այն բանից, որ համաձայնագրում նշված իրավիճակը կայունացնելու կետերը չեն իրականացվում: Այդ պատճառով նա կարծում է, որ համաձայնագիրը իրավական բնույթ չի կրում:




























