Թուրքիայի էկոնոմիկան մարտ ամսվա շուկայական ցնցումներից հետո վերադարձել է «դրական շրջափուլի»։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը։

Բոլոր ֆինանսական ցուցանիշները, ներառյալ համախառն արտարժութային պահուստները և BIST100 հիմնական ֆոնդային ինդեքսը, վերադարձել են մարտի կեսերի մակարդակին՝ տնտեսությունը կառավարելու համար ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, ասել է Շիմշեքը Kanal 7 հեռուստաալիքի ուղիղ եթերում։

Ըստ Reuters-ի, մարտի 19-ին Ստամբուլի քաղաքապետ, նախագահ Թայիփ Էրդողանի գլխավոր քաղաքական մրցակից Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունն ու կալանավորումը շուկայական ցնցումներ են առաջացրել, որոնք հանգեցրել են տոկոսադրույքների արտակարգ բարձրացման և արտարժութային պահուստների սպառման։

Թուրքիայի Կենտրոնական բանկն այս շաբաթ հիմնական տոկոսադրույքը նվազեցրել է սպասվածից 300 բազիսային կետով ավելի՝ հասցնելով 43%-ի՝ վերսկսելով մարտին ընդհատված մեղմացման փուլը։ Moody's վարկանշային գործակալությունն ուրբաթ օրը Թուրքիայի վարկանիշը բարձրացրել է «B1»-ից «Ba3»՝ վկայակոչելով դրամավարկային քաղաքականության նկատմամբ վստահության բարձրացումը, գնաճի թուլացումը և տնտեսական անհավասարակշռությունների կրճատումը։

«Թուրքիայի կառավարությունն ակնկալում է, որ տարեվերջյան գնաճը կմնա «Կենտրոնական բանկի կողմից կանխատեսվող միջինից բարձր միջակայքի սահմաններում»։ Մենք ակնկալում ենք, որ ցուցանիշը 29%-ից ցածր կլինի», - ասել է Շիմշեքը։

Թուրքիայում սպառողական գների տարեկան գնաճը հունիսին դանդաղել է մինչև 35%՝ շարունակելով իր անկումը 2024 թվականի մայիսի 75%-ի գագաթնակետից։ Կենտրոնական բանկի տարեվերջյան գնաճի միջին գնահատականը ներկայումս կազմում է 24%՝ 19%-ից 29% կանխատեսվող միջակայքով։

Թուրքիայի տնտեսական աճը վերջին ամիսներին մնացել է կանխատեսումներից ցածր, և կա բյուջետային եկամուտների նպատակային ցուցանիշից սահմանափակ շեղման «բարձր հավանականություն», ասել է Շիմշեքը։

Անցյալ տարվա սեպտեմբերին հրապարակված իր եռամյա գործողությունների ծրագրի հիման վրա կառավարությունն այս տարի կանխատեսում է համախառն ներքին արդյունքի 4.0% աճ։

Հուլիսի 18-23-ը Reuters-ի կողմից հարցված 34 տնտեսագետների միջին կանխատեսման համաձայն՝ ակնկալվում է, որ այս տարի Թուրքիայի ՀՆԱ-ի աճը կկազմի 2,8%, ինչը ցածր է 2024 թվականի 3,2%-ից։