«Հայրենիքի միություն-Լիտվայի քրիստոնյա դեմոկրատներ» (TS-LKD) կուսակցության ներկայացուցիչները Սեյմում գրանցել են օրենքի փոփոխություններ, որոնց նպատակն է Լիտվայի այն քաղաքացիներին, որոնք ունեն նաև թշնամական պետությունների քաղաքացիություն, արգելել քաղաքական կազմակերպություններ ստեղծել կամ դրանց անդամ լինել, հայտնում է LRT-ն։

«Լիտվային թշնամական պետությունների քաղաքացիները, հատկապես նրանք, ովքեր կապված են ռուսաստանյան օլիգարխների հետ, պոտենցիալ կերպով կարող են ձգտել ազդեցություն ունենալ քաղաքական կուսակցությունների միջոցով։ Ուստի, նման գործունեությունը կանխելու համար մենք սահմանափակումներ ենք մտցնում նման անձանց կողմից քաղաքական կուսակցություններ ստեղծելու և դրանց անդամ լինելու, ինչպես նաև անդամավճարներով կամ այլ եղանակներով կուսակցություններին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու վրա», —պատմել է նախագծի նախաձեռնողներից մեկը՝ Դալյա Ասանավիչյուտե-Գրուժաուսկիենեն։

Ըստ Պետական անվտանգության դեպարտամենտի (ՊԱԴ) տվյալների, Ռուսաստանը, Բելառուսը և Չինաստանը համարվում են Լիտվային թշնամական պետություններ։

Օրինագիծը նաև առաջարկում է փոխել այն կարգը, որով քաղաքական կուսակցություններն իրենց անդամների ցուցակն ամեն տարի ներկայացնում են Արդարադատության նախարարություն։

Առաջարկվում է կուսակցություններին պարտավորեցնել ցուցակներում նշել բազմակի քաղաքացիություն ունեցող անձանց և նշել նրանց մյուս քաղաքացիությունը։