Վարշավայի (Լեհաստան) արքեպիսկոպոսը դիմել է Վատիկանին՝ խնդրելով հոգևոր աստիճանից զրկել քահանային, որը մեղադրվում է 68-ամյա անօթևանի սպանության մեջ, որին կացնահարել և այրել է, հայտնում է Associated Press-ը։
Շաբաթ օրը դատախազությունը քահանային, որի անունը, համաձայն լեհական անձեռնմխելիության մասին օրենքների, նշվել է միայն որպես Միրոսլավ Մ., մեղադրանք է առաջադրել առանձնակի դաժանությամբ սպանության համար։
Նա գտնվում է կալանքի տակ մինչև դատավարությունը, և նրան սպառնում է 15 տարուց մինչև ցմահ ազատազրկում։ Ըստ Ռադոմի շրջանի դատախազության ներկայացուցիչ Անետա Գոզձի, քննիչները պնդում են, որ քահանան և զոհը՝ Անատոլ Չ.-ն, հինգշաբթի ուշ երեկոյան միասին եղել են մեքենայում, երբ նրանց միջև վեճ է բռնկվել։
Վեճը ծագել է նվիրատվության մասին համաձայնագրի պատճառով, որով քահանան պարտավորվել է ցմահ օգնություն և խնամք ցուցաբերել այդ մարդուն, ասվում է Գոզձի հայտարարության մեջ։ Վեճը բորբոքվել է անօթևանի ապագա բնակարանի շուրջ։
Ըստ մամուլի խոսնակի, քահանան, ենթադրաբար, կացնով հարվածել է զոհի գլխին, վրան դյուրավառ հեղուկ լցրել և այրել։ Այնուհետև քահանան հեռացել է՝ տեսնելով մոտեցող հեծանիվի լույսը։ Հեծանվորդը հայտնաբերել է կրակի մեջ գտնվող զոհին և շտապօգնություն կանչել, հայտնել է Գոզձը։
«Դիահերձումը ցույց է տվել, որ տուժողը ստացել է մարմնի մակերեսի 80%-ի այրվածքներ և գլխի վնասվածքներ, որոնք հասցվել են սուր ծայրերով ծանր առարկայով», - պատմել է Գոզձը։
Վարշավայի արքեպիսկոպոս Ադրիան Գալբասը շաբաթ օրը դիմել է Սուրբ Աթոռին՝ խնդրելով քահանային զրկել հոգևոր աստիճանից, ինչը կանոնական իրավունքով հոգևորականի համար ամենաբարձր պատիժն է։ Ուրբաթ օրը արքեպիսկոպոսությանն ուղղված հայտարարության մեջ Գալբասը կաթոլիկներին խնդրել է աղոթել զոհի և նրա մերձավորների համար։
Արքեպիսկոպոսն ասել է, որ ինքը հուսահատված է այս հանցագործությունից և խոստացել է համագործակցել քննիչների հետ։