Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում Կոմանդա գյուղի կաթոլիկ եկեղեցու վրա դաժան հարձակում է տեղի ունեցել։ Տեղական իշխանությունները հայտնել են, որ հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 38 մարդ, հաղորդում է Bild-ը։ Ըստ լրատվամիջոցի հաղորդագրության՝ զոհերի թիվը կարող է գերազանցել 40-ը: Հարձակվողները օգտագործել են հրազեն և մաչետեներ:

Հարձակումը, ենթադրաբար, իրականացրել է «Դաշնակից դեմոկրատական ուժերը», որը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանն առնչվող իսլամիստական խմբավորում է:  

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստոֆ Մունյանդերուն Reuters-ին հայտնել է, որ «ահաբեկիչները դիտավորյալ սպանում էին քրիստոնյաներին»։ Ողբերգության վայրից տեսանյութում երևում են այրված տներ և եկեղեցու հատակին ընկած մահացածների մարմիններ։

Բնակիչները վախենում են հետագա հարձակումներից և օգնություն են խնդրում բանակից՝ հայտարարելով, որ այն «դեռևս մոտ է քաղաքին»։ Գրոհայինները հրկիզել են նաև եկեղեցու մոտ գտնվող տներ, խանութներ և բեռնատար, հաղորդում է տեղական Radio Okapi ռադիոկայանը։ Ավելի ուշ այս տարածքներում ավելի շատ զոհեր են հայտնաբերվել։