Վանաձորում գործում է 20 միկրոավտոբուսային եւ 6 ավտոբուսային երթուղի. 2011թ-ին կայացել է միկրոավտոբուսային երթուղիների 19 մրցույթ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետարանի տրանսպորտը համակարգող բաժնի պետ Էռնեստ Գեւորգյանը: Նրա խոսքով, բոլոր այն տրանսպորտային միջոցները, որոնք 1998թ-ից ցածր տարեթիվ ունեն, հանվել են շահագործումից, փոխարինվելով նորերով: Է. Գեւորգյանը նշեց, որ նախորդ տարի նորերով է փոխարինվել 19 միկրոավտոբուս:
NEWS.am-ի թղթակցի այն դիտարկմանը, որ պիկ ժամերին բնակչությունը դժգոհում է երթուղիների աշխատանքից, բաժնի պետն ասել է, որ նման խնդիրները լուծելու համար պարզապես կատարվում է գրաֆիկի խտացում, իսկ երթուղիների ավելացում չի նախատեսվում:
Էռնեստ Գեւորգյանի փոխանցմամբ, Վանաձորի բոլոր երթուղիներում այսօր կա ավտոբուսների պակաս, որը սպասարկող կազմակերպությունը ի վիճակի չէ գնել: «Ավտոբուսային երթուղին շահութաբեր չէ, ծախսը շատ է, վառելիք շատ է ծախսում, ու ես մտավախություն ունեմ, որ այս տարվա օգոստոսին կայանալիք ավտոբուսային երթուղիների մրցույթում կարող է նաեւ մի քանի երթուղի մնա առանց ավտոբուսի»,-ասաց նա:
Նշենք, որ Վանաձորում երթուղայիններն աշխատում են մինչ ժամը 21:00-ը, որոշները` մինչեւ 23:00-ն:



























