ԵՄ իշխանությունները մտադիր են արդիականացնել իրենց անդամ պետությունների երկաթուղային և ճանապարհային ցանցերը՝ Ռուսաստանի հետ պատերազմի դեպքում զորքերի և ռազմական տեխնիկայի տեղափոխման ժամանակը «շաբաթներից և ամիսներից» կրճատելու համար մինչև «մի քանի ժամ, առավելագույնը՝ օրեր»։ Այս մասին Financial Times (FT)-ին հայտնել է ԵՄ տրանսպորտային գործակալության ղեկավար Ապոստոլոս Ցիցիկոստասը։
Եվրահանձնակատարի խոսքով՝ Եվրոպայի տրանսպորտային միջանցքները, որոնք կառուցվել են առանց դաշինքի տարածքով բանակների տեղափոխման անհրաժեշտությունը հաշվի առնելու՝ հարմար չեն մայրցամաքով մարտական տեխնիկայի, հետևակի և ռազմական բեռների օպերատիվ տեղափոխման համար։ Մարտական տեխնիկան ԵՄ-ի արևելյան սահման տեղափոխելիս՝ կխրվի թունելներում, կփլուզի կամուրջները և կխճճվի սահմանային բյուրոկրատական ընթացակարգերում։ «Մենք ունենք հին կամուրջներ, որոնք պետք է արդիականացվեն։ Մենք ունենք նեղ կամուրջներ, որոնք պետք է լայնացվեն։ Եվ մենք ունենք կամուրջներ, որոնք ընդհանրապես գոյություն չունեն», - հայտարարել է Ցիցիկոստասը։ Նա ուշադրություն է հրավիրել ենթակառուցվածքների վիճակի վրա՝ նշելով, որ եվրոպական ճանապարհների բեռնատարները սովորաբար կշռում են մինչև 40 տոննա, իսկ տանկը՝ մինչև 70 տոննա։
ԵՄ տրանսպորտային գործակալության ծրագրի համաձայն՝ մայրցամաքով ձգվող չորս ռազմական միջանցքների երկայնքով պետք է արդիականացվեն ընդհանուր առմամբ 500 ենթակառուցվածքային օբյեկտներ: Այս հանգույցների վերակառուցման նախագիծը, որոնք գաղտնիության պատճառով չեն անվանվում, մշակվել է ՆԱՏՕ-ի և դաշինքի ռազմական հրամանատարության հետ համատեղ: Բացի այդ, Բրյուսելը մտադիր է նվազեցնել ԵՄ սահմաններով սարքավորումների անցման հետ կապված «բյուրոկրատական քաշքշուկը»: Ցիցիկոստասը ընդգծել է, որ առաջարկում է 17 միլիարդ եվրո հատկացնել տրանսպորտային ցանցի արդիականացման ծրագրին:
ԵՄ տրանսպորտային գերատեսչության ռազմավարության պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա այս տարվեվերջին։ Այն կդառնա ԵՄ-ի ընդհանուր պաշտպանական միջոցառումների մի մասը՝ Մոսկվայի հետ հնարավոր ռազմական բախման վերաբերյալ պարբերական հաղորդագրությունների և Եվրոպայում ԱՄՆ զորքերի ներկայության նախատեսված կրճատման ֆոնին։
Բարձրաստիճան դիվանագետները Financial Times (FT) պարբերականի հետ զրույցում նշել են, որ Եվրահանձնաժողովի կողմից հայտարարված 17 միլիարդ եվրո գումարը, հավանաբար, կկրճատվի ԵՄ երկրների միջև բանակցությունների ընթացքում՝ մինչև 2028-2034 թվականների եվրոպական բյուջեի ընդունումը։
Ցիցիկոստասը նաև հայտարարել է, որ ռազմական շարժունակության բարձրացման ծրագիրը լրացնում է ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև ձեռք բերված այն համաձայնությունը, ըստ որի՝ պաշտպանական ծախսերի թիրախային ցուցանիշը պետք է հասցվի ՀՆԱ-ի 5 տոկոսի, այդ թվում՝ 1,5 տոկոսը՝ անվտանգության և պաշտպանության ենթակառուցվածքների համար։ «Մենք այլևս չենք կարող մեզ թույլ տալ լինել անպատրաստ կամ ուրիշներից կախված», — ընդգծել է ԵՄ հանձնակատարը։




























