Ուֆայում փլուզվել է Բաշկիրիայի կոոպերատիվ տեխնիկումի և Բաշպոտրեբսոյուզի նախկին հանրակացարանի հնգահարկ շենքի հատվածը, հայտնել է Ufa1.ru պարբերականը։ Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 30-ի երեկոյան՝ Կոմունիստական փողոցում։ Տարածաշրջանի ԱԻՆ վարչությունից հայտնել են, որ տեղի է ունեցել «շենքի պատի մասնակի փլուզում»։ Դեպքի վայր ժամանած Ուֆայի քաղաքապետ Ռատմիր Մավլիևը հայտարարել է, որ շենքը, որը ճանաչվել է մշակութային ժառանգության օբյեկտ՝ վերջին մեկ տարվա ընթացքում չի շահագործվել, որովհետև ճանաչվել է որպես վթարային։ Նրա խոսքով՝ ոչ ոք չի տուժել։

Արտակարգ դեպքի փաստով նախաքննություն է իրականացվում, որով զբաղվում են Ուֆայի Կիրովի շրջանի քննչական բաժնի աշխատակիցները, հայտնում է Բաշկորտոստանի Քննչական կոմիտեի քննչական վարչությունը։ Ստուգումներ են սկսվել նաև մարզային դատախազությունում։ Փլուզման վայրում աշխատում են Ուֆայի քաղաքացիական պաշտպանության վարչության փրկարարները և այլ արտակարգ ծառայություններ։ Նրանք զբաղվում են փլատակների մաքրմամբ։ Դրա համար իշխանություններն փակել են Կոմունիստական փողոցը՝ Կրուպսկայա փողոցից մինչև Լենինի փողոց ընկած հատվածում։ Գործողությանը ներգրավված է 24 մարդ և 11 միավոր տեխնիկա, այս մասին հայտնել են ԱԻՆ վարչությունից։

«Пруфы.ру» պարբերականը նշում է, որ փլուզված շենքը կառուցվել է 1959 թվականին և դրա գազամատակարարումը դադարեցվել է։ Telegram-ի ալիքների տվյալներով՝ իշխանությունները պատրաստվել են քանդել շենքը, իսկ բնակիչները վերաբնակեցվել են։

Երեքշաբթի օրը Եկատերինբուրգի Մարտովսկայա փողոցում փլուզվել է 1963 թվականի կառուցված եռահարկ վարչական շենքի մի հատված։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան, 12 մարդ հասցրել է լքել շենքը մինչ փրկարարների ժամանումը, ևս 24-ը տարհանվել են, հայտնել են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Փլուզման հնարավոր պատճառներից մեկը «շենքի հնությունն» է եղել, նշել է Սվերդլովսկի մարզի ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայության ղեկավար Վալերի Գորելիխը։

Դրանից մեկ օր առաջ Աստրախանում փլուզվել է վթարային բնակելի շենքի մուտքը, որը նախատեսված է եղել քանդել դեռ ապրիլ ամսին։ Տուժել է առնվազն երեք մարդ։ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ անփութության և գույքի ոչնչացման (ՌԴ ՔՕ 293-րդ հոդվածի 1-ին մաս, 168-րդ հոդված) մեղադրանքներով։

Հուլիսի 25-ին տեղի ունեցած կենցաղային գազի պայթյունից հետո՝ Սարատովում փլուզվել է տասհարկանի բնակելի շենքի մուտքը։ Զոհվել է առնվազն յոթ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Եվս 18-ը վիրավորվել են։ Հարուցվել է գործ՝ անվտանգության պահանջները չբավարարող ծառայություններ մատուցելու համար (Քրեական օրենսգրքի 238-րդ հոդված):