Արթուր Դավթյանը Լոնդոնում կայացած սպորտային մարմնամարզության օլիմպիական վարկանիշային մրցաշարում նվաճեց Լոնդոնի ամառային Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք` Հայաստանին բերելով 11-րդ ուղեգիրը:

Հայաստանի վաստակավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն իր սանին հանգիստ է տվել, սակայն 19-ամյա մարզիկը ամեն օր լինում է Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության դպրոցում եւ նախավարժանքներ անում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արթուր Դավթյանը հայտնեց, որ Լոնդոնում նախապատվությունը կտրվի հենացատկին:

«Իմ մոտ բոլորից հաջող ստացվում է հենացատկը: Մարզիչիս որոշմամբ` Լոնդոնում նախապատվությունը կտանք այդ վարժությանը: Ինչ վերաբերում է բազմամարտին, ապա կաշխատեմ որքան հնարավոր է բարձր տեղ զբաղեցնել, համենայնդեպս, հետ չմնալ  Ադրբեջանի ներկայացուցչից, որն անգամ վարկանիշային մրցաշարում ամեն գնով ուզում էր ինձանից առաջ անցնել, քանի որ այդ դեպքում նա հատուկ պարգեւավճար էր ստանալու պետությունից: Առայժմ հանգստանում եմ, իսկ մեկ շաբաթ հետո կսկսեմ ամենօրյա լիարժեք մարզումներ անցկացնել»,- նշեց Արթուր Դավթյանը: