Եվրոպայում պաշտպանական գործարանների տարածքը աճում է երեք անգամ ավելի արագ, քան նախկինում և արդեն գերազանցում է 7 միլիոն քառակուսի մետրը, հաղորդում է Financial Times (FT)-ը՝ հղում անելով արբանյակային տվյալներին։

Ըստ պարբերականի տվյալների՝ 2024-2025 թվականներին զենք ու զինամթերք արտադրող եվրոպական գործարանների տարածքը մեծացել է 2,8 մլն քառ. մետրով, մինչդեռ 2020-2021 թվականներին պաշտպանական ձեռնարկությունների տարածքների աճը կազմել է 790 հազար քառ. մետր։ Ինչպես նշում է FT-ն՝ ամենամեծ աճը գրանցել է Հունգարիայի Վարպալոտա քաղաքում զինամթերք և պայթուցիկ նյութեր արտադրող գործարանը, որը պատկանում է գերմանական Rheinmetall ընկերությանը և հունգարական N7 Holding պետական պաշտպանական ընկերությանը։ Ընդհանուր առմամբ, վերլուծվել են 37 ընկերություններին պատկանող 150 ձեռնարկությունների տվյալներ։

ՆԱՏՕ-ի նախկին ղեկավարներից մեկի՝ Ուիլյամ Ալբերկի կարծիքով՝ եվրոպական պաշտպանական ձեռնարկությունների արագացված աճը «խորը և կառուցվածքային փոփոխություններ» է, որոնք երկարաժամկետ հեռանկարում կարող են հանգեցնել պաշտպանական ոլորտի վերափոխման։

«FT»-ը կարծում է, որ եվրոպական երկրները ստիպված են ամրապնդել իրենց պաշտպանությունը՝ Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու ցանկության, ինչպես նաև Եվրոպայի պաշտպանության մեջ ԱՄՆ դերի հնարավոր թուլացման ֆոնին։

Հուլիսի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը որոշել է շարունակել Կիևին զենքի և ռազմական տեխնիկայի փոխանցումը, եթե Եվրոպան վճարի նման մատակարարումների համար։ ՆԱՏՕ-ն կհամակարգի այս գործընթացը։ Ինչպես նշել է ԱՄՆ նախագահը՝ մատակարարումները կներառեն 17 Patriot համակարգեր։