Չինաստանում դատարանը լուծում է գտել մի ամուսնական զույգի համար, որը բաժանման ժամանակ չի կարողացել բաժանել 29 հավերին, գրում է South China Morning Post-ը։
Ինչպես գրում են լրատվամիջոցները՝ Տու ազգանունով մի գյուղացի կին և նրա ամուսին Յանը երկար տարիներ տևած ամուսնությունից հետո ամուսնալուծության հայց են ներկայացրել։ Նրանց հիմնական եկամուտը եկել է գյուղատնտեսությունից. նրանք պահել են 53 թռչուն՝ 29 հավ, 22 սագ և 2 բադ։ Ընտանիքը խոշոր ակտիվներ չի ունեցել՝ բացի իրենց կառուցած տներից։
Գույքը բաժանելիս արագ կերպով պարզ է դարձել, որ սագերն ու բադերը կարելի է հավասարապես բաժանել, բայց հավերի հետ կապված խնդիր է եղել։ Տուն պնդել է, որ ինքն է թռչուններին մեծացրել և արժանի է եղել մեկ լրացուցիչ հավիկի։ Յանը պնդել է, որ ինքը նույնպես քրտնաջան աշխատել է նրանց խնամելու գործում։
Զույգը փորձել է լուծում գտնել ծնողների միջոցով, բայց նրանք չեն կարողացել օգնել: Երեխաները նույնպես հրաժարվել են միջամտել: Այնուհետև դատավոր Չեն Ցյանը առաջարկել է երկու տարբերակ՝ կամ միասին ուտել ավելորդ հավը, կամ գնահատել նրան և նրա արժեքը փոխհատուցել միմյանց:
Ամուսինները ընտրել են առաջին ճանապարհը։ Նրանք պատրաստել են թռչունին, միասին ընթրել, իսկ ճաշկերույթն անվանել «հրաժեշտի»։ Դատավորը նշել է, որ նման ելքը ոչ միայն համապատասխանում է իրավական նորմերին, այլև արտացոլում է գյուղական ավանդույթները։ Ըստ նրա՝ գյուղում թռչնաբուծական ակտիվների բաժանումը դժվար գործընթաց է, պետք է հաշվի առնել ոչ միայն թռչունների գլխաքանակը, այլև կերի ծախսերը և աճի ցիկլերը։





























