Նորվեգիան, Շվեդիան և Ֆինլանդիան, որոնք ավանդաբար սովոր են զով կլիմային, անցյալ շաբաթ բախվեցին անոմալ շոգի հետ։ Ֆինլանդիայում 30°C-ից բարձր ջերմաստիճանը պահպանվեց ռեկորդային 22 օր անընդմեջ, իսկ Շվեդիան վերապրեց «արևադարձային գիշերների» 10 օր, երբ ջերմաչափը 20°C-ից ցածր չի իջել, գրում է The Guardian -ը։

Գիտնականները նշում են, որ բրածո վառելիքի այրման հետևանքով առաջացած գլոբալ տաքացումը նման ծայրահեղ եղանակային իրադարձությունները դարձրել է առնվազն 10 անգամ ավելի հավանական և ջերմաստիճանը բարձրացրել 2°C-ով։ Որոշ կլիմայական մոդելներ ցույց են տվել, որ առանց մարդու ազդեցության այս անոմալ շոգը պարզապես անհնար կլիներ։

Շոգի հետևանքները զգացվում են ամենուրեք։ Հիվանդանոցները լցված են և գերտաքացած, որոշ հիվանդանոցներ ստիպված են չեղարկել պլանային վիրահատությունները։ Բաց ջրում լողալու հաճախակի դեպքերի հետևանքով մահացել է ավելի քան 60 մարդ, ծովերում և լճերում տարածվում է թունավոր ջրիմուռների ծաղկումը։ Անտառներում բռնկվել են հարյուրավոր հրդեհներ, և մարդիկ տոնական միջոցառումների ժամանակ կորցնում են գիտակցությունը։ Համեմատության համար նշենք, Շվեդիայում 2018 թվականի շոգի ալիքի ժամանակ մահացել է 750 մարդ, և մասնագետները կարծում են, որ այս տարի թվերը համեմատելի կլինեն։

Վայրի բնությունը ևս տուժում է. Սկանդինավյան թերակղզում եղջերուները ստվեր են փնտրում քաղաքներում, իսկ որոշ կենդանիներ մահանում են շոգից։ Վարորդներին զգուշացնում են, որ եղջերուները կարող են նույնիսկ մտնել ավտոմեքենաների թունելներ՝ զովություն փնտրելու համար։

Անոմալ շոգը զգացվում է նաև Հյուսիսային կիսագնդում՝ Մեծ Բրիտանիայից մինչև Իսպանիա և Խորվաթիա, որտեղ անտառային հրդեհները գրեթե երկու անգամ ավելի շատ կյանքեր են խլել, քան վերջին 20 տարվա միջին ցուցանիշը, ինչպես նաև ԱՄՆ-ում, Ճապոնիայում և Հարավային Կորեայում։ Գիտնականները վստահ են, որ կլիմայական ճգնաժամը սրում է նման ծայրահեղ եղանակային երևույթները։

Գիտնականները շեշտում են, որ նավթի, գազի և ածուխի այրումն արդեն իսկ մարդկանց է սպանում՝ ավելացնելով ծայրահեղ եղանակային պայմանները։ Ռիսկերը նվազեցնելու համար անհրաժեշտ է անցնել վերականգնվող էներգիայի աղբյուրների։

Եթե գլոբալ տաքացումը հասնի 2,6°C-ի, նման ջերմային ալիքները դարի վերջին հինգ անգամ ավելի հաճախակի կդառնան։