Հրշեջներին հաջողվել է մարել վերջին օրերին Հունաստանում բռնկված անտառային հրդեհների մեծ մասը, սակայն ուրբաթ օրը նոր հրդեհների առաջացման ռիսկը մնում է շատ բարձր, հաղորդում է Ekathimerini-ն։
Քիոսում Լեպտոպոդա և Կամպիա գյուղերի միջև ընկած հրդեհային ճակատը ուրբաթ առավոտյան ակտիվ է մնացել։
Խալկիդիկիում Ստրատոնի անտառային տարածքում հինգշաբթի օրը, ժամը 20:30-ի սահմաններում բռնկված անտառային հրդեհը մասամբ վերահսկողության տակ է վերցվել՝ առանց բնակելի տարածքներին սպառնալու, հայտնել է հրշեջ ծառայությունը: Հրդեհը մարելու համար գործի են դրվել վաթսուն հրշեջներ՝ 20 մեքենայով:
Իրավիճակն ավելի լավ է թվում Ահայիում, որտեղ երեկվա հրդեհի հետ կապված երկու ձերբակալություն է կատարվել։
Բացի այդ, Պատրասի Սիչինա ավելի լայն տարածքում բռնկված հրդեհը մարվել է։ Այնուամենայնիվ, այսօր հզոր հրշեջ ուժերը շարունակում են պատրաստ վիճակում մնալ։
Ուրբաթ օրը անտառային հրդեհների վտանգը շատ բարձր է Ատտիկայում, Պելոպոնեսում, Կենտրոնական Հունաստանում, Թեսալիայում, Կենտրոնական Մակեդոնիայում, Արևելյան Մակեդոնիայում և Թրակիայում, ինչպես նաև Եգեյան ծովի հյուսիսային և հարավային հատվածներում։





























