Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն ապացուցված է համարել Մ. Թումասյանին գողություն կատարելու, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու, կեղծ վճարային փաստաթղթեր պատրաստելու, փաստաթղթեր կեղծելու համար առաջադրված մեղադրանքները եւ դատապարտել ազատազրկման:
Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ Մ. Թումասյանը 2008 թվականի սեպտեմբերի սկզբներին, գտնվելով Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում, համացանցային շփումների ընթացքում ծանոթացել է քննությամբ դեռեւս չպարզված` «Loader» կեղծանուն օգտագործող անձնավորության հետ, որը պատրաստակամություն է հայտնել տրամադրել ԱՄՆ «Citibank»-ի կողմից թողարկված բանկային քարտերի մագնիսական ժապավենների վրա գրառված տեղեկությունները` բանկային քարտերի կեղծ կրկնօրինակներ պատրաստելու եւ «Citibank» -ի` ԱՄՆ-ում գործող բանկոմատներից գումարներ հափշտակելու համար:
Հանցավոր մտահղացումն իրագործելու նպատակով ձեւավորվել է կայուն կազմակերպված խումբ, որի անդամները տեւական ժամանակ` 2008 թվականի սեպտեմբերից մինչեւ նոյեմբեր ամիսը գործել են տարբեր պետությունների` Ռուսաստանի, Մեքսիկայի եւ ԱՄՆ-ի տարածքներում, կապ պաշտպանել համացանցի միջոցով եւ «Citibank»-ի ու «7-11» ցանցի խանութների բանկոմատներից ԱՄՆ տարածքում նշված ժամանակահատվածում կանխիկ գումարի տեսքով գողացել են առնվազն 134.178.839 ՀՀ դրամին համարժեք 436.500 ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերի գումար:
Այնուհետեւ Մ. Թումասյանը որոշել է ինքնուրույն զբաղվել բանկային քարտերի կեղծ կրկնօրինակների պատրաստմամբ, որի համար ձեռք է բերել անհրաժեշտ սարքավորումներ եւ նյութեր, քննությամբ դեռեւս չպարզված ու 2009թ. հունվարի 19-ին համացանցում մեկ այլ կեղծանուն կրող անձնավորությանը ICQ հաղորդագրությամբ պատվիրել է պատրաստել «Վիզա» եւ «Մաստեր քարդ» վճարային համակարգերի պլաստիկ քարտերի համար նախատեսված կեղծ հոլոգրաֆիկ լոգո-պիտակներ, ինչպես նաեւ քարտերի դարձերեսին փակցվող, ստորագրության համար նախատեսված կեղծ շերտեր եւ պատրաստել է թվով 32 բանկային քարտերի կեղծ կրկնօրինակներ:
Բացի այդ, Մ. Թումասյանը այլ անձի անվամբ ձեռք է բերել վարորդական իրավունքի կեղծ վկայական, որպեսզի կարողանա կեղծ տվյալներով պատրաստված բանկային քարտերով գործարքներ կատարել:
Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 2011թ. դեկտեմբերի 23-ի դատավճռով Մ. Թումասյանը հանցավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, 203-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 38-325-րդ հոդվածի 1-ին մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով, նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու սկզբունքով դատապարտել ազատազրկման` 8 տարի ժամկետով:




























