Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն, այսօր` հունվարի 20-ին, քննել է ՀՔԾ քննիչի միջնորդությունը Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու մասին եւ բավարարել է միջնորդությունը:
Նշենք, որ Հովհաննես Թամամյանի կալանքը երկարաձգվում է արդեն 5-րդ անգամ: Դատական նիստը կայացել է առանց Հովհաննես Թամամյանի մասնակցության, քանի որ նա կտրականապես հրաժարվում է մասնակցել նիստերին:
Հովհաննես Թամամյանը անազատության մեջ է գտնվում մարտի 24-ից: ՀՔԾ-ն արդեն հաստատել է մեղադրական եզրակացությունը եւ առաջիկայում գործն ուղարկելու է դատարան:
Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, Հովհաննես Թամամյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ):
Հայաստանի այն ժամանակվա ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը փետրվարի 24-ին Հովհաննես Թամամյանին եւ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Վարուժան Ադամյանին ազատել էր աշխատանքից գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա՝ «հետագա պաշտոնավարման աննպատակահարմարության» հիմնավորմամբ: Մամուլի տեղեկությունների համաձայն, Հովհաննես Թամամյանին կալանավորել են քրեական մի գործի նախաքննությունը շեղելու եւ իրական մեղավորին պատասխանատվությունից ազատելու համար: Նույն գործի շրջանակներում ձերբակալվել էր նաեւ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի օպերգծով նախկին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Պողոսյանը: Թամամյանը ներկայումս գտնվում է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում:




























